Արաբական Միացյալ Էմիրություններում այս տարվա մարտի 31-ից մտցվող 1,9-5,5 դոլար տուրիստական հարկը հայտնի չէ՝ կազդի հայ զբոսաշրջիկների հոսքի վրա, թե ոչ: 

«Դուբայ թրավելից» NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ այս պահին պաշտոնապես ոչինչ չկա, իրենք հարցում են արել գործընկերներին, այդ մասին ոչինչ չեն հայտնել: Նրանք հայտնեցին, որ միայն հարկի գործելուց հետո կարող են ասել՝ այն կազդի զբոսաշրջիկների վրա, թե ոչ:

Իսկ «Ռիմա թրավելից» NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ 5-10 դոլարը կարող է մեծ նշանակություն ունենալ հայ զբոսաշրջիկների համար եւ նրանք այլեւս չգնան Դուբայ՝ հանգստանալու: «Մեր զբոսաշրջիկները փորձում են խնայել շատ, բայց արդյունքում ծախսում են կրկնակի, միշտ այդպես է լինում, շատ խնայելու դեպքում չնախատեսված շատ ծախս են անում, հայտնի ասացվածք կա չէ՝ ես էդքան հարուստ չեմ, որ էժան ապրանք գնեմ»,-հայտնեցին գործակալությունից:

«Դուբայ տուրից» էլ NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ առայժմ այդ հարկի մասին խոսակցություններ կան, հաստատված ոչինչ չկա:  Տուրգործակալության փոխանցմամբ՝ այդ հարկը չի ազդի հայ զբոսաշրջիկների ԱՄԷ գնալ, չգնալու վրա, քանի որ դա չնչին գումար է եւ ամբողջ Եվրոպայում վաղուց նման հարկատեսակ կա՝ կախված հյուրանոցի աստղերի քանակից:

Նշենք, որ ԱՄԷ, մասնավորապես՝ Դուբայը,  հայ զբոսաշրջիկների մշտական նախընտրությունների ցանկում է: Դա պայմանավորված է մի շարք հանգամանքներով, նախեւառաջ՝ ԱՄԷ կարելի է այցելել ցուրտ ամիսներին եւ վայելել ծովը, այնտեղ հնարավոր է համատեղ հետաքրքիր հանգիստն ու մատչելի գնումները: