Հայկական Vostan օպերացիոն համակարգով պլանշետները կարող են արտահանվել ԱՄՆ : Այդ մասին փետրվարի 11-ին Երեւանում հայտնել է Minno Tablets ընկերության համասեփականատեր Վահան Շաքարյանը՝ մեկնաբանելով ամերիկյան Minno Tablets ապրանքանիշի պլանշետների հավաքումը Չինաստանից Հայաստան տեղափոխելու որոշումը:

Ներդրումներն արտադրության առաջին փուլում կազմելու են մոտ 6,5 մլն դոլար, տարեկան ծրագրվում է հավաքել մինչեւ 100 հազար Minno պլանշետ: «Դրանք կարող են աշխատել եւ Android-ով, եւ հայկական Vostan համակարգով, որ ստեղծվել է մեր մասնագետների կողմից: Դա հրաշալի համակարգ է, կարող եմ ասել, որ աշխարհում նմանը չկա»,- ասել է Շաքարյանը:

Այդուհանդերձ, նրա խոսքով, համակարգը գտնվում է մշակման փուլում, եւ չի բացառվում, որ առաջիկայում ԱՄՆ-ում կամ լատինական Ամերիկայում հայտնվեն ոչ միայն Հայաստանում հավաքված, այլեւ հայկական օպերացիոն համակարգով պլանշետներ:

Հայաստանում ArmTab պլանշետների մշակումն ու հավաքումը համակարգելու է Technology and Science Dynamics ընկերությունը: