Armtab technologies ընկերությունն արդեն ստացել է հայկական ArmTab պլանշետների 1000 – 1050 հատ գնման հայտ (ֆոտոռեպորտաժ): Այդ մասին փետրվարի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Armtab Technologies ընկերության նախագահ եւ ամերիկյան Minno Tablets ընկերության համասեփականատեր Վահան Շաքարյանը: Հիմնականում հայտերը ստացվել են Սփյուռքից:

Առայժմ այդ պլանշետներում կա միայն հայկական ստեղնաշար: Բայց այդ տեսքով այն շուկա դուրս չի գա, մենք կառաջարկենք «Վոստան» եւ «Արաքս» համակարգերով: Հստակ գինն ասել առայժմ չենք կարող, բայց այն լիովին մրցունակ է լինելու: Հայտնի ապրանքանիշների հետ տարբերությունը կլինի 50 տոկոս, հնարավորության դեպքում՝ ավելին»,- ասել է Շաքարյանը:

Նրա խոսքով, Minno-ի համար ավանդական շուկաներում պլանշետը կառաջարկվի հին անունով, իսկ նախկին ԽՍՀՄ եւ արաբական աշխարհի երկրներում՝ ArmTab անունով: Նախնական գնահատականներով, մայիսին ծրագրվում է արտադրության մեկնարկը: «Դա վերջնական որոշում չէ, ամեն ինչ կախված է, թե որքան արագ կտեղավորվենք «Ալյանս» ազատ տնտեսական գոտում, Երեւանում»,- նշել է նա։

Նա նշել է, թե Samsung-ի կամ Apple-ի հետ մրցակցության մասին խոսք չի գնում: «Դա կնշանակեր ինքնասպանություն: Մենք աշխատելու ենք միջին նշաձողում, որտեղ այժմ աշխատում ենք Minno-ով»,- նշել է Շաքարյանը: