Շաբաթ եւ կիրակի օրերին Թեհրանում անցկացված «Միջուկային էներգիա` բոլորի համար, միջուկային զենք` ոչ մեկի համար» համաժողովի փակման արարողության ժամանակ Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքին ոչ թե ամփոփիչ փաստաթուղթ է հրապարակել, այլ հանդես է եկել եզրափակիչ ելույթով: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով DPA լրատվական գործակալության տարածած տեղեկատվությունը, թե թեհրանյան համաժողովի փակման արարողության ժամանակ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հրապարակել է ամփոփիչ փաստաթուղթ, որում Միջուկային զենքի չտարածման պայմանագրին միացած երկրների միջուկային իրավունքների միջազգային ճանաչման կոչ է արվում:

«Գերմանական գործակալությունը, ամենայն հավանականությամբ, Իրանի արտգործնախարարի ելույթը ներկայացրել է որպես եզրափակիչ փաստաթուղթ: Հայկական պատվիրակությանը նման բովանդակությամբ փաստաթուղթ համաձայնեցման համար չի ներկայացվել», — հավելել է Բալայանը:

Ըստ DPA-ի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին հասցեագրվելիք այդ փաստաթղթում, մասնավորապես, անդրադարձ կա Իսրայելի «սիոնիստական ռեժիմին», որից պահանջվում է հետեւել Միջուկային զենքի չտարածման պայմանագրին եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը թույլ տալ տեսչություն իրականացնել իր ատոմակայաններում:

DPA-ն հաղորդել էր նաեւ, թե Թեհրանի համաժողովի մասնակիցների թվում են 10 երկրների, այդ թվում` Իրաքի, Սիրիայի, Լիբանանի, Հայաստանի արտգործնախարարները, մինչդեռ Հայաստանից համաժողովին մասնակցել է էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: