Վերջին մեկ տարում Wikipedia հանրագիտարանի հայերեն տարբերակում ակտիվություն աճ է նկատվում։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց հանրագիտարանի հայերեն վարկածի մասնակից-ադմինիստրատոր, ծրագրավորող Ալեքսեյ Չալաբյանը՝ ավելացնելով, որ հանրագիտարանի հայերեն լեզվով բովանդակության ավելացումը կապված է մասնակիցների թվի աճով, որոնց թիվը վերջին մեկ տարում 6-7 հոգուց դարձել է մինչեւ 15 հոգի, ինչի արդյունքում հանրագիտարանում հայերեն էջերի քանակը կրկնապատկվել է։
«Եթե մեկ տարի առաջ Wikipedia-ում հայերեն էջերի քանակը 4000 էր, ապա այժմ հանրագիտարանում կա 8667 հոդված»,- ասաց Չալաբյանը՝ ավելացնելով, սակայն, որ հանրագիտարանում Հայաստանը՝ հայերեն բովանդակությամբ, տարածաշրջանում դեռեւս զիջում է իր դիրքերը, օրինակ՝ վրացերեն կա 37886 հոդված, իսկ ադրբեջաներեն՝ 31635 հոդված։
Նշենք, որ հայերեն հոդվածների քանակով հանրագիտարանի հայերեն տարբերակը գտնվում է 96-րդ տեղում, ադրբեջաներենը՝ 53-րդ տեղում է, իսկ վրացերենը՝ 51-րդ տեղում է։
Տեղեկացնենք, որ հայկական Wikipedia-ն գոյություն ունի 2005 թ-ի փետրվարից։ Այս տարվա մարտ ամսվա տվյալներով հանրագիտարանի հայերեն բովանդակության դիտումների քանակը հասել է 1,5 միլիոնի։




























