Աշխարհում չի եղել մի երկիր, որտեղ հարթ անցնեին կենսաթոշակային բարեփոխումները։ Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ԵԿՄ համագումարի ընթացքում պատասխանելով մասնակիցների հարցերին։
Նրա խոսքով՝ պատճառն այն է, որ բարեփոխումների արդյունքներն ավելի ուշ են երեւալու, իսկ մարդիկ ուզում են, որ հիմա իրենց վիճակը բարելավվի: «Մենք գիտակցաբար դիմեցինք այդ քայլին՝ հանուն մեր երեխաների եւ թոռների։ Այս պահին ոչ ոք չի կարող պնդել, թե բարեփոխումներ հարկավոր չեն», - նշել է նախագահը։
Ըստ Սերժ Սարգսյանի՝ երկրի բոլոր կառավարությունները զբաղվել են այս խնդրով, իսկ ներկա կառավարությունը որոշեց գործնական լուծում տալ հարցին. «Ես ամբողջությամբբ կողմ եմ այդ բարեփոխումներին։ Օրենքում կարող են անհաջող ձեւակերպումներ լինել, բայց ես վստահ եմ, որ իմաստը չի փոխվում»։
Նախագահի խոսքով՝ կուտակային հիմնադրամները մեծ տեմպ կհաղորդեն երկրի բոլոր տնտեսական սուբյեկտներին։ Այդ փողերը հարկավոր են երկրի տնտեսության համար, որպեսզի հետո դրանք ուղղվեն կենսաթոշակների վճարմանը։ «Մենք հո ախմա՞խ չենք, որ վատ բանի համար քաղաքական ռեսուրս ծախսենք»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը։











