NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի անվտանգության աշխատակիցներից մեկի մասնակցությամբ տեղի ունեցած դանակահարության դեպքի մասին:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝   դեպքը տեղի է ունեցել հարսանիքի ժամանակ, դանակահարվողը դեմ է եղել հարսանիքին, «դեբոշ» է սարքել, ինչի հետեւանքով էլ Արտյոմը դանակահարել է նրան:

Մեզ հաջողվեց պարզել նաեւ, որ դեպքի առթիվ հարուցված է քրեական գործ ՔՕ-ի 112-րդ հոդվածի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն: Սամվել Բալասանյանի գարեջրի գործարանի աշխատակիցը դեռ որեւէ կարգավիճակ չունի:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գյումրիում օրերս դանակահարության դեպք է գրանցվել, այս անգամ՝ Գյումրիի ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանի աշխատակցի մասնակցությամբ: Մեր տեղեկություններով՝  «Շտապբուժօգնության» մեքենայով Գյումրիի բժշկական համալիր է տեղափոխվել Սարգսյան  փողոցի թիվ 47 տան բնակիչ 35-ամյա Արմեն Մելսիկի Տիգրանյանը: Նա ձեռքի հատվածում ստացել է դանակի հարվածի վնասվածք, բժիշկ Գաբրիել Հակոբյանը փորձել է առաջին օգնություն ցուցաբերել տուժածին, սակայն վերջինս  հրաժարվել է օգնությունից ու ինքնակամ հեռացել  հիվանդանոցից: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝  դանակահարողը Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի գարեջրի կոմբինատի անվտանգության աշխատակիցներից մեկն է: