Բեռլինյան դատարանը պարտավորեցրել է Facebook-ին հետեւել օգտատերերի անձնական տվյալների պաշտպանության մասին գերմանական օրենսդրությանը:
Այդ կերպ դատարանը հաստատել է նախորդ դատական որոշման օրինականությունը, որը Facebook-ում Friend Finder ծրագիրը ճանաչել էր Գերմանիայի օրենսդրությունը խախտող: Դատարանը կարծում էր, որ օգտատերերի համար պարզ չէր, որ իրենք իրենց տվյալներն ամբողջությամբ վերբեռնում են սոցիալական ցանց:
Բացի այդ, դատարանը հաստատել էր, որ Facebook-ի որոշ դրույթներ խախտում են գերմանական օրենսդրությունը: Գործով հայցվոր է հանդես եկել Գերմանիայի սպառողների դաշնային միությունը(VZBV):
Սակայն 2013թ.-ի ապրիլին Շլեզվիգ-Հոլշտեյնի վերաքննիչ դատարանը մեկ այլ որոշում էր կայացրել, համաձայն որի Facebook-ը պետք է հետեւեր անձնական տվյալների պաշտպանության իռլանդական օրենսդրությանը: Facebook-ի գերմանական դուստր ձեռնարկությունը գործում է բացառապես որպես մարքեթինգի տարածաշրջանային բաժին, չի մշակում անձնական տեղեկություններ:
Այնուամենայնիվ, Բեռլինում դատարանը համաձայն չէ այս որոշման հետ՝ հայտարարելով, որ անձնական տվյալների մշակմամբ զբաղվում է ԱՄՆ-ում գտնվող ընկերությունը: Ընդ որում, այդ ընկերությունը հետեւում է գերմանական օրենսդրությանը, երբ գերմանացի օգտատերերի համակարգիչների վրա ֆայլեր է տեղադրում:
VZBV ներկայացուցիչների խոսքով՝ քանի որ երկու դատարաններն էլ հավասար կարգավիճակ ունեն, դժվար է նշել, թե ում որոշումն է գերակա: Նա հավելել է, որ Facebook-ը կարող է բողոքարկել Բեռլինի դատարանի որոշումը մեկ ամսվա ընթացքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով PCWorld-ին:




























