Երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ աշխատանքից ազատման դիմում գրած ՀՔԾ պետի տեղակալ Արմեն Նադիրյանն ընդամենը 44 տարեկան է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արմեն Նադիրյանը:
Նա պարզաբանեց, որ ունի 21 տարվա ծառայության ստաժ, իսկ օրենսդրությամբ դա նախատեսում է երկարամյա ծառայության կենսաթոշակ: Արմեն Նադիրյանը վստահեցնում է, որ իրեն չեն ստիպել աշխատանքից ազատման դիմում գրել: «Բացարձակ, նման խնդիր չկա, ուղղակի հոգնած էի, ուզում եմ աշխատանքիս բնույթը թողել: Վաղուց էի որոշել, իմ համար երեւի էդպես ավելի լավ է: Բայց ստիպելու խնդիր չի եղել, շատ նորմալ բաժանվել ենք իմ կոլեկտիվից, այնպես որ որեւէ խնդիր չկա»,- ասցա ՀՔԾ պետի նախկին տեղակալը:
Նա պարզաբանեց, որ զրուցել է ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանի հետ, ով ասել է՝ «խնդիր չկա, մնա աշխատանքի, ես էլ բացատրեցի, որ ուղղակի հոգնած եմ, ուզում եմ բնույթը փոխեմ, բնականաբար ստիպելով չեն կարող պահել»: Արմեն Նադիրյանն ասաց, որ ինքը աշխատել է թե ՀՔԾ ներկա, թե նախկին պետի հետ եւ նորմալ, ընկերական հարաբերությունների մեջ ենք: Դիտարկմանը, թե դուք Անդրանիկ Միրզոյանից հետո վերջին մոհիկանն էիք իր կադրերից, Արմեն Նադիրյանը չհամաձայնեց՝ ասելով, որ «էլի կա, նորմալ աշխատում են, նորմալ կոլեկտիվ է ձեւավորվել»: ՀՔԾ պետի նախկին տեղակալն այժմ մտադիր է զբաղվել փաստաբանությամբ, ունի լիցենզիա, որը կասեցրած է եւ կվերականգնի:
Հիշեցնենք, որ Հայաստանի հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդական Վահրամ Շահինյանի հրամանով ծառայության պետի տեղակալ Արմեն Նադիրյանն իր դիմումի համաձայն, երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ, ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Հատուկ քննչական ծառայության պետի մեկ այլ հրամանով հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչ, արդարադատության 1-ին դասի խորհրդական Մուշեղ Բաբայանը նշանակվել է Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ:




























