Թոքաբորբով տառապող 9 ամսական Նարեկ Պողոսբեկյանին փետրվարի 18-ին չեն ընդունել «Արաբկիր» բժշկական համալիր՝ պատճառաբանելով, որ տեղ չունեն։ Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին, NEWS.am-ին ասաց երեխայի հայրը՝  33-ամյա Իվան Պողոսբեկյանը, որը եկել էր Կառավարություն, որպեսզի հանդիպեր առողջապահության նախարարին։

«Ասում են՝ տեղ չունենք, տարեք Մուրացան։ Խի՞ Մուրացան տանեմ, եթե Արաբկիրում եմ ապրում, ես ինչո՞վ իմ երեխուն տանեմ։ Բժիշկն ասում է՝ վիճակը վատ է, պետք է թոքերը մաքրել, հազում, խեղդվում, բերանից փրփրաջուր է գալիս։ Հաց չի ուտում, նիհարել, չոփ է դարձել։ Անընդհատ ասում եմ՝ մի բան կլինի»,- ասաց Իվանը՝ նշելով, որ երեխան հենց այսօր է դարձել 9 ամսական։

33-ամյա Իվանը նույնիսկ չի կարողացել գնել երեխայի համար նշանակված դեղերը, որոնց ընդհանուր գումարը կազմել է 5000 դրամ։

«Ես չեմ աշխատում, կինս նույնպես, մայրս էլ շաքարով հիվանդ պառկած է, թոշակով ենք յոլա գնում»,-ասաց Իվանը։

Երեխայի հայրը Կառավարության մոտ հանդիպեց առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին։ Վերջինը իր մոտ գրանցեց երեխայի անուն ազգանունը, Իվան Պողոսբեկյանի հեռախոսի համարը եւ խոստացավ կատարվածը պարզելուց հետո մեկ ժամից զանգահարել Իվանին։

NEWS.am-ի հետ զրույցում Իվան Պողոսբեկյանն ասաց, որ նախարարի ասած մեկ ժամը վաղուց անցել է, բայց իրեն ոչ ոք չի զանգել։