Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը հերյուրանք է համարում իր՝ բանակում չծառայելու եւ ազատամարտին չմասնակցելու մասին լուրերը: Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պարզաբանեց, որ ուսանողական տարիներին եղել է զինվորական ամբիոն, որտեղ 1972-1976թթ սովորել է զինվորական գործ, իսկ դրանից հետո երկու ամիս գտնվել է ծառայության մեջ, ստացել լեյտենանտի, ապա՝ ավագ լեյտենանտի կոչում: Նա պատմեց, որ 1988թ եղել է Շրջկոմի արդյունաբերության եւ տրանսպորտի բաժնի վարիչ, երկրաշարժի ժամանակ կոորդինացրել է դրա հետեւանքների վերացման աշխատանքները Տավուշում, ինչպես նաեւ կազմակերպել փախստականների ընդունումը: «Մինչեւ պատերազմի ավարտը ես եղել եմ Իջեւանի քաղխորհրդի նախագահը, հետո ընտրվել եմ քաղաքապետ: Ո՞նց եք պատկերացնում՝ սահմանամերձ Իջեւանի ղեկավարը ի՞նչ ձեւով կարող է մասնակցած լինել կամ չլինել»,- ասաց Արմեն Ղուլարյանը՝ հավելելով, որ աջակցությունը եղել է տարբեր առումներով՝ թե ֆինանսների հավաքում, թե զենք գնել, թե ջոկատով մասնակցել, թե սահմանին հերթապահության գնալ: «Ես զենքը ձեռքիս սահմանի վրա կանգնել եմ, կարող եք Իջեւանի ԵԿՄ-ից էլ ճշտել: 4 տարի սովորել եմ զինվորական գործ, հագել եմ համազգեստ, որից հետո գնացել ենք արդեն զինվորական ծառայության եւ ավարտելուց հետո եղել եմ լեյտենանտ, ավագ լեյտենանտ»,- ասաց մարզպետ:
Արմեն Ղուլարյանը նշեց նաեւ, որ իր մեծ որդին եւս ծառայել է բանակում, իսկ փոքրը սովորել է ասպիրանտուրա, այժմ գիտությունների թեկնածու է եւ չի ծառայել:
Նշենք, որ ԵԿՄ 10-րդ հոբելյանական համագումարին վարչության անդամ են ընտրվել մի շարք անձինք, որոնք ոչ միայն չեն մասնակցել պատերազմին, այլեւ նույնիսկ բանակում չեն ծառայել: ԵԿՄ վարչության անդամներից են պատգամավորներ Սամվել Ալեքսանյանը՝ «Լֆիկ Սամոն», Առաքել Մովսիսյանը՝ «Շմայսը», Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը՝ Լիսկան, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ այլք:



























