Կոտայքի մարզի Եղվարդ գյուղի բնակիչ Վոլոդյա Խաչատրյանն օրեր առաջ ծանուցում է ստացել, որ տուգանվում է «Մոսկվիչ 412 ԻԵ» մակնիշի մեքենան չապահովագրելու համար, այն դեպքում որ մեքենան մոտ 15 տարի առաջ մաս-մաս վաճառել է:
«Փետրվարի 17-ին ծանուցում եմ ստացել, որ ինձ տուգանում են 5000 դրամով մի բանի համար, որը ես չունեմ: Ավտոն քանդել եմ, սաղ զապչաստը մաս-մաս ծախել եմ: Ոչ մի փաստաթուղթ չունեմ, դաժը համարները չեմ հիշում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վոլոդյա Խաչատրյանը:
Նշենք, որ հունվարի 1-ից գործող օրենքի համաձայն՝ բոլոր մեքենաները պետք է ապահովագրվեն, հակառակ դեպքում մեքենայի սեփականատերը տուգանվում է 5000 դրամով: Յուրաքանչյուր մեկ օր ուշացնելու դեպքում քաղաքացին տուգանվում է եւս 5000 դրամով:
Վոլոդյա Խաչատրյանը ծանուցումը ստանալուն պես դիմել է Ոստիկանության Եղվարդի բաժանմունք, որտեղ ասել են, որ ոչնչով օգնել չեն կարող:
«Գնացել եմ, ասում են՝ ապացույց բեր, որ ավտոն մաս-մաս ծախել ես, ո՞նց ապացույց բերեմ, որտեղի՞ց բերեմ: Գոնե մի երկու ամիս ժամանակ տան, գնամ գետնի տակից հանեմ բերեմ»,- նշեց տուգանված քաղաքացին՝ ընդգծելով, որ չի պատկերացնում, թե որտեղից է գտնելու ապացույց:
Վոլոդյա Խաչատրյանը միակը չէ, ում տուգանել են գոյություն չունեցող մեքենայի համար: Ավելի վաղ «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը հայտնել էր, որ տասնյակ վարորդներ տուգանվում են տարիներ առաջ վաճառած եւ այսօր գոյություն չունեցող մեքենաների համար: «Նախկինում մարդիկ մեքենան վաճառում էին միայն ընդհանուր լիազորագրի (генеральный доверенность) միջոցով եւ քչերն էին անվանափոխություն կատարում: Դրա համար էլ հիմա փաստի առաջ են կանգնել»,- ասել էր Էդուարդ Հովհաննիսյանը:



























