Արմավիրի մարզի Պտղունք գյուղի դպրոցի քարուքանդ շինությունը կվերանորոգվի կամ գյուղում նոր դպրոց կկառուցվի Քաղաքաշինության նախարարության և գերմանական KfW զարգացման բանկի համատեղ ծրագրի շրջանակում: Այս մասին փետրվարի 20-ին NEWS.am-ին հայտնեց Քաղաքաշինության նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Մարգարյանը՝ նշելով, որ միայն  գործնական ուսումնասիրություններից հետո պարզ կլինի՝ նոր դպրոց կկառուցվի, թե կվերանորոգվի հինը:

Հին դպրոցը վերանորոգելը, դպրոցի տնօրեն Սիլվա Մկրտումյանի խոսքով, անհնար է, քանի որ դպրոցը ծայրահեղ քարուքանդ վիճակում է:

«1948թ. շինություն է: 90-ականներին է վերանորոգվել: Ձմռանը 2.6 լիտր դիզելային վառելիք էինք վառում ամեն օր, ոչ մի ձև չէր տաքանում, որովհետև հնամաշ շենք է: Տանիքից ջուրը դույլերով չռռում է»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Սիլվա Մկրտումյանը:

Տնօրենի խոսքով՝ վերջին մեկ տարվա ընթացում 70-80 աշակերտ է լքել դպրոցը, քանի որ խոնավությունից ու ցրտից երեխաները հիվանդանում են:

«Ծնողները մոտենում, ասում են շատ ենք ուզում՝ երեխան մնա այս դպրոցում, բայց էլ հնար չկա, երեխաները, հիվանդանում են: Այստեղից երեխաներին հանում տանում են Էջմիածնի դպրոց, ինչն էլ իրենցից երկար ժամանակ է պահանջում ու անհարմար է»,- ասաց տնօրենը:

Աշակերտները, ուսուցիչների պատմելով, նաև ահ ու սարսափի մեջ են դպրոցում շրջող կրծողներից:

«Ֆիզկուլտուրայի դասի համար հագուստը փոխում են, հետ են գալիս որ հագնեն, կռիսները վազում են միջից: Բուլկին դնում են սեղանին, որ ուտեն, պտտվում, տեսնում են կռիսը տարավ»,- NEWS.am-ի թղթակցին պատմեցին ուսուցիչները:

Տարիների ապարդյուն բողոքներից հետո դպրոցի անձնակազմը հավատը կորցրել է, թե մի օր նոր դպրոցում կաշխատեն: Դպրոցի մասին տեղյակ է թե մարզպետարանը, թե ՀՀ նախագահը, ու բոլորն էլ դեռ տարիներ առաջ խոստացել են նոր դպրոցի կառուցման համար քայլեր ձեռնարկել, սակայն չեն արել: