Սպիտակ տունը կոչ է արել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին «անհապաղ» ուժայիններին հեռացնել Կիեւի կենտրոնից ու հարգել խաղաղ ցույցի իրավունքը: Այդ մասին ասվում է մամուլի քարտուղարի  հայտարարությունում, որը հրապարակվել է Սպիտակ տան կայքում:

«Մենք վրդովված ենք Ուկրաինայի անվտանգության ուժերի գործողություններից, որոնք ինքնաձիգներից կրակում են սեփական ժողովրդի վրա»,- հայտարարել է Ջեյ Քարնին:

«Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը պետք է անհապաղ անվտանգության ուժերը հեռացնի Կիեւի կենտրոնից»,- հայտարարել է Քարնին: Ցուցարարներին պահանջներ չի ուղղել՝ կոչ անելով նրանց «խաղաղ ինքնաարտահայտման»:

«Մենք կոչ ենք անում ուկրաինական ուժերին կոնֆլիկտի մեջ չներքաշվել, որը կարող է եւ պետք է լուծվի քաղաքական միջոցներով: Պետք են հստակ քայլեր բռնությանը վերջ տալու եւ արդյունավետ երկխոսություն սկսելու համար, որը կմեղմացնի լարվածությունը եւ կուղղվի ուկրաինացիների խնդիրների վրա»,- հայտարարել է Քարնին:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը կհամագործակցի Եվրոպական Միության հետ, որպեսզի բռնությունների համար մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկի: