Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսացրույց է ունեցել ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահներ Բարաք Օբամայի եւ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին հաղորդում են Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական միկրոբլոգում:
Կանցլերը տեղեկացրել է նախագահներին Ֆրանսիայի, Լեհաստանի եւ Գերմանիայի արտգործնախարարների միջնորդական ջանքերի մասին, հաղորդում է Սպիտակ Տան կայքը:
Բարաք Օբաման ու Անգելա Մերկելը պայմանավորվել են հաջորդ օրերի ընթացքում կապ պահպանել, որպեսզի աջակցեն բռնությունների դադարեցմանն ու քաղաքական լուծմանը՝ հօգուտ ուկրաինացիների շահերի:
Իր հերթին Կրեմլի կայքում հաղորդագրություն է հայտնվել Պուտինի՝ Անգելա Մերկելի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի միջեւ հեռախոսազրույցների մասին: Ռուսաստանի նախագահը Մերկելին ու Քեմերոնին տեղեկացրել է, որ միջնորդական աշխատանքներով Կիեւ է մեկնում Ռուսաստանում մարդու իրավունքների հարցերով լիազոր Վլադիմիր Լուկինը:
Վլադիմիր Պուտինը շեշտել է արյունահեղության դադարեցման ծայրահեղ կարեւորությունը, դրության կայունացման համար միջոցների ձեռնարկաման անհրաժեշտությունը եւ ծայրահեղական ու ահաբեկչական դրսեւորումների կանխումը, նշվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:




























