Ուկրաինայի նախագահի գրասենյակում ամբողջ գիշեր նախագահ Վիկտոր Յանուկովիչը եւ ընդդիմության առաջնորդները եվրոպական նախարարների մասնակցությամբ ճգնաժամից դուրս գալու ուղիներ են փնտրում:
Հաղորդվում է, որ արդեն ավելի քան վեց ժամ տեւած բանակցություններին մասնակցում են Վիկտոր Յանուկովիչը, «Բատկիվշչինա» խմբակցության առաջնորդ Արսենի Յացենյուկը, «ՈՒԴԱՌ»-ի առաջնորդ Վիտալի Կլիչկոն, «Սվոբոդա»-ի առաջնորդ Օլեգ Տյագնիբոկը, ինչպես նաեւ եվրոպացի միջնորդները` Գերմանիայի եւ Լեհաստանի արտգործնախարարներ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը եւ Ռադոսլավ Սիկորսկին:
Գիշերվա ժամը մեկին նախագահի գրասենյակ են ժամանել Ուկրաինայում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Զուրաբովը եւ ՌԴ-ում մարդու իրավունքների պաշտպան Վլադիմիր Լուկինը, որին Կիեւ էր գործուղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Հայտնի ռուս լրագրող Պավել Շերեմետն իր Twitter-ում հայտնել է, որ Զուրաբովը նախագահի նստավայրը լքել է առավոտյան ժամը հինգին, հայտնում է ԼԻԳԱ-ն:
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին Ուկրաինայի Գերագույն ռադան բանաձեւ էր ընդունել, որով դատապարտել էր բռնությունը, ուժայիններին արգելել էր Կիեւում զենք գործածել, հրահանգել էր զորքերին վերադառնալ տեղակայման վայրեր եւ հանել ճանապարհների արգելափակումը:
Ավելի վաղ Ուկրաինայի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Կիեւում խռովությունների զոհ է դարձել 75 մարդ:




























