Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն սպառնացել է դադարեցնել երկրում CNN –ի հեռարձակումը, եթե հեռուստաալիքը չփոխի իր տեղեկատվական քաղաքականոիթյունը: Խոսքը վերջերս Վենեսուելայում տեղի ունեցող իրադարձությունների լուսաբանման մասին է. անցյալ շաբաթ Կարակասում հակակառավարական ցույց տեղի ունեցավ, խռովությունների ալիք բարձրացավ: «Բավական է պատերազմ քարոզեք», —CNN-ի հասցեին հայտարարել է Մադուրոն, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Փետրվարի 20-ին Վենեսուելայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին մեղադրել էր երկրի ներքին գործերին միջամտելու համար: Հաղորդվում է, որ նման մեղադրանքների պատճառը Բարաք Օբամայի խոսքերն են, որոնք նա ասել էր Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոյի եւ Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերի հետ հանդիպումից հետո` մամուլի ասուլիսի ժամանակ:
ԱՄՆ-ի նախագահը նշել էր, որ Վենեսուլայի իշխանությունները պետք է ազատեն խռովությունների ընթացքում ձերբակալվածներին: Օբաման նաեւ ասել էր, որ Վենեսուելան ամերիկացի դիվանագետներին մեղադրելու փոխարեն` պետք է ականջ դնի իր ժողովրդի օրինական պահանջներին:




























