Հնարավոր ահաբեկչական գործողությունները կանխելու նպատակով մահմեդականների նկատմամբ Նյու Յորքի ոստիկանության իրականացրած զանգվածային գաղտնալսումը օրինական է եւ չի հակասում ԱՄՆ-ի Սահմանադրությանը: Նման վճիռ է կայացրել Նյու Ջերսի նահանգի Նյուարք քաղաքի դատավոր Ուիլյամ Մարտինին:

Դատավորը մերժել է մի քանի իրավապաշտպանական կազմակերպությունների հայցերը՝ համաձայնելով Նյու Յորքի իշխանությունների փաստարկների հետ, որոնք պնդում են, որ կատարվող գաղտնալսումները հակաահաբեկչական, կանխարգելիչ միջոցներ են եղել եւ ուղղված չեն եղել մահմեդականների դեմ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Չնաած տվյալ ծրագիրը կարող է զայրացնել մահմեդական համայնքին` այն խտրականություն չէ նրանց նկատմամբ, քանի որ դրա նպատակն է իսլամ դավանող հանցագործների որոնումը», - ընդգծել է Մարտինին:

2011թ. լրագրողական հետաքննության շնորհիվ  Asdociated Press-ին հայտնի էր դարձել, որ ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում Նյու Յորքի ոստիկանությունն արդեն մի քանի տարի զանգվածաբար հետեւում է քաղաքի մահմեդական համայնքին։ ԿՀՎ-ի օգնությամբ նյույորքյան ոստիկանությունը հետեւելու ծրագիր էր մշակել, որն ընդգրկում էր մահմեդականների կյանքի բոլոր ասպեկտները, տվյալների բազա էին ստեղծել այն մասին, թե որտեղ են սնվում, գնումներ կատարում, աշխատում եւ աղոթում ոչ մի իրավախախտում չկատարած մահմեդականները։ Բացի այդ, մահմեդականների թաղամասերում ձայնագրվել են վերջիններիս խոսակցությունները եւ ամենօրյա հաշվետվություններ կազմել դրանց բովանդակության մասին։

Ոստիկանությունն ու քաղաքի քաղաքապետարանը ստիպված են եղել խոստովանել, որ հետեւել են մահմեդականներին, սակայն պնդում են, որ դա անօրինական չէ եւ 2001թ.-ից ի վեր օգնել է 14 ահաբեկչություն կանխել։