Եթե Սամվել Բալասանյանը Հանրապետական կուսակցությանը անդամագրվելու դիմում գրի, ապա այն կքննարկվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական գծով հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը:

Նա հերքեց լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե Գյումրիի ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանը դեռ պատգամավոր եղած ժամանակ ՀՀԿ-ին անդամագրվելու դիմում է գրել: «Նման բան չկա, երեւի փետրվարյան կատակ է»,-հայտնեց Ռուբեն Թադեւոսյանը:

Նշենք, որ «Իրատես de facto» թերթը գրել էր, որ Գյումրիի աղբյուրները իրենց են փոխանցել մի ուշագրավ փաստաթուղթ, որը ՀՀԿ-ին անդամակցելու դիմում է: Բնականաբար, ուշագրավը ոչ թե դիմումն է, այլ թե ով է ցանկացել հանրապետական դառնալ: «Պարզվում է, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, դեռ պատգամավոր եղած ժամանակ, ՀՀԿ-ին անդամագրվելու դիմում է ներկայացրել: Ու հիմա հարց է ծագում` ինչո՞ւ է ՀՀԿ-ն մերժել կուսակցական «փառավոր» ուղի անցած ներկայիս քաղաքապետին ու «նետել» ԲՀԿ-ի գիրկը»»,-գրել էր թերթը: