Ուկրաինայի ընդդիմության եւ նախագահ Վիկտոր Յանուկովիչի միջեւ բանակցությունները, որոնց միջնորդի դերում հանդես էին եկել Գերմանիայի եւ Լեհաստանի արտգործնախարարները եւ Ռուսաստանի ներկայացուցիչները, ավարտվել են:

Սակայն, ըստ Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկիի, բանակցային գործընթացը կշարունակվի: Կեսօրին եւս մեկ հանդիպում է նախատեսված Յանուկովիչի հետ, հայտնում է 5-րդ ալիքը:

 Նշվում է, որ Գերմանիայի եւ Լեհաստանի արտգործնախարարները հրաժարվել են բանակցությունների արդյունքների մասին տվյալներ հաղորդել լրագրողներին: Ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներ Արսենի Յացենյուկը, Օլեգ Տյագնիբոկը եւ Վիտալի Կլիչկոն այլ ելքով են դուրս եկել նախագահական նստավայրից, հայտնել է ЛІГА-ն:

Նշենք, որ բանակցությունները տեւել են ավելի քան 8 ժամ: Բացի Յանուկովիչից, ընդդիմության առաջնորդներից եւ ԵՄ երկրների ԱԳ նախարարներից, հանդիպմանը մասնակցել են նաեւ Ուկրաինայում ՌԴ դեսպան Միխայիլ Զուրաբովը եւ ՌԴ մարդու իրավունքների հարցերով լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Լուկինը: Վերջինիս Կիեւ է ուղարկել Վլադիմիր Պուտինը: Զուրաբովը Ուկրաինայի նախագահի նստավայրը լքել է առավոտյան ժամը 5-ին:

Հիշեցնենք, որ փետրվարի 20-ի երեկոյան Գերագույն Ռադան որոշում է կայացրել, որում դատապարտել է բռնությունը, արգելել ուժայիններին զենք կիրառել Կիեւում: Նշվել է, որ ներքին զորքերը պետք է վերադառնան իրենց տեղակայման վայրերը: