Մայրենի լեզվի իրավունքները պետք է պաշտպանել մեր երկրում, որովհետեւ ամեն օր մենք տեսնում ենք նրա ոտնահարումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը:
Այսօր՝ փետրվարի 21-ը Մայրենի լեզվի միջազգային օրն է: Լեզվաբանի փոխանցմամբ՝ տոնի մասին հայ հասարակությունը տեղյակ է, վերջին տարիներին այն նշում է եւ տարեցտարի իրազեկության մակարդակը բարձրանում է: «Տոնը նշում են գրադարաններում, դպրոցներում, մշակութային եւ ուսումնական հաստատություններում, տարատեսակ միջոցառումներ, գրողների, լեզվի մասնագետների հետ հանդիպումներ են կազմակերպում, այս իմաստով դա լավ է, հատկապես աճող սերունդը առիթ է ունենում մի բան ավելի իմանալու: Բայց պետական մարմինները այդպես չպետք է անեն, նրանք նույն ոգով շարունակում են եւ այսօր մենք ականատես ենք լինում ճոխ մեդալներ, պատվոգրեր, տիտղոսներ բաժանելուն, շատ հաճախ արժանավոր մարդկանց»,- նշեց լեզվաբանը:
Դավիթ Գյուրջինյանի փոխանցմամբ՝ այս տոնը սկիզբ է առել մայրենի լեզվի իրավունքների պաշտպանության համատեքստում, ուստի այս ամենը պետք է ստանա գործնական խոսակցության ուժ:
Նա շեշտեց, որ մայրենի լեզվի իրավունքները պետք է պաշտպանել մեր երկրում, որովհետեւ ամեն օր մենք տեսնում ենք նրա ոտնահարումը, օրինակ՝ քաղաքների արտաքին հարդարանքի մեջ, հեռուստատեսությամբ օտարալեզու ֆիլմեր ցուցադրելիս:
«Տեսնում ենք նաեւ, որ պետական ատյանները հաճախ անտեսում են Սահմանադրությունը, օրենքը եւ օտարի հետ հաղորդակցվում են օտար լեզվով, այնինչ կարելի է թարգմանչի միջոցով: Այս մասին պետք է խոսել, սա պետք է քննարկել, ծրագիր պետք է մշակել, մեր երկիրը մինչեւ հիմա լեզվական հայեցակարգ չունի այս տարիների համար, սա պետք է լինի քննարկման առարկա, նյութ, ոչ թե տարատեսակ միջոցառումներ կազմակերպելը: Իհարկե, դա ուրախ պահ է, հանդիսավորություն է, բայց տոնի խորհուրդը այլ է»,- նշեց Դավիթ Գյուրջինյանը:


























