Հայ արտադրողները «Սկյուռիկ» կոնֆետների արտադրման իրավունքից չեն զրկվի Մաքսային միություն մտնելուց հետո: Փետրվարի 21-ի մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է ՀՀ մտավոր սեփականության գործակալության պետի տեղակալ Անդրանիկ Խաչիկյանը՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին:
Ապրանքանշանի իրավունքը, ըստ նրա, տարածքային սահմանափակումներ ունի: Այլ կերպ ասած՝ նախկին խորհրդային միեւնույն ապրանքանիշը կարող է գրանցված լինել տարբեր հանրապետություններում:
«Օրինակ, Հայաստանում «իքս» ապրանքանիշը մի սուբյեկտի անվամբ է գրանցված, Ռուսաստանում՝ մեկ այլ: Այս պարագայում հայ արտադրողը չի կարող ապրանքն արտահանել ՌԴ՝ առանց ՌԴ-ում իրավատիրոջ համաձայնության, եւ հակառակը: Բայց ներքին շուկայում ապրանքանիշը պաշտպանված է», - պարզաբանել է Խաչիկյանը:
Նշենք, հայ արտադրողները ԽՍՀՄ փլուզումից հետո մի շարք խորհրդային ապրանքանիշներ են գրանցել (Ամենատարածվածը շոկոլադե կոնֆետների անուններն են):


























