«Նաիրիտ» գործարանի ղեկավարությունը այսօր` փետրվարի 21-ին,  կարողացել է գործարանի աշխատակիցներին համոզել բողոքի ակցիա չկազմակերպել ու չգնալ նախագահի նստավայր։ Այս մասին NEWS.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց  «Նաիրիտի» աշխատակից Արայիկ Կարեյանը:

Գործարանի աշխատակցի խոսքով, ղեկավարությունը աշխատակիցներին հորդորել է չգնալ նախագահական` պատճառաբանելով, որ ռուսական «Ռոսնեֆտ» ընկերության հետ դեռ բանակցություններ են տարվում, եւ աշխատակիցների բողոքի ալիքը կարող է վնասել բանակցությունների ընթացքին:

Հիշեցնենք, որ երեկ «Նաիրիտի» աշխատակիցները մեկ ամսվա աշխատավարձ էին ստացել, սակայն գործարանն իր աշխատակիցներին պարտք է 15 ամսվա աշխատավարձ: Փետրվարի 12-ին գործարանի աշխատակիցները հանդիպել էին էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ ու բողոքի նամակ էին հանձնել նախագահական: Այսօր եւս նրանք պատրաստվում էին բողոքի ակցիա կազմակերպել նախագահական նստավայրի առջեւ: