Սպառողների շահերը պաշտպանող մի շարք հասարակական կազմակերպություններ Երեւանի ոսկու շուկայում հայտնաբերել են անհասկանալի հարգադրոշմամբ ոսկյա իրեր: Այս մասին այսօր` փետրվարի 21-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ նշելով, որ նախորդ օրը շրջայց են կատարել մայրաքաղաքի ոսկու իրացման կետերում, մասնավորապես «Տաշիր» առեւտրի կենտրոնում, «Ռոսիա» կինոթատրոնի առաջին հարկում եւ Ոսկու շուկայում:
«Եղել ենք ոսկու իրացման կետերում եւ վաճառողներին հորդորել նորմալ կնիք պահանջել, որպեսզի հետագայում խնդիրներ չառաջանան»,- ասաց Պիպոյանը՝ մանրամասնելով, որ «նորմալ» կնիքը պետք է լինի հասկանալի եւ ընթեռնելի:
Ուսումնասիրության արդյունքում ՀԿ-ները պարզել են, որ ոսկու իրացման խոշորագույն կետում` Ոսկու շուկայում, անհասկանալի հարգադրոշմամբ ոսկյա զարդեր կան:
«Մեզ այնտեղ բացատրում էին, որ կնիք կա, բայց իրականում չես հասկանում` դա ինչ է: Նկարներում պարզ երեւում է, որ կնիքը չկա: Վաճառողները մեղադրում էին լազերային պրինտ անողներին: Մենք էլ բացատրում էինք, որ վատ են անում, մի վերցրեք ու զանգեք մեզ»,- նշեց Բաբկեն Պիպոյանը:
Պիպոյանը համոզված է, որ իրենց ուսումնասիրած վաճաքռի կետերում «Սասունցի Դավիթ» կնիքը հայկական էպոսի հերոսին ընդհանրապես նման չէ:
«Ինձ այսպիսի «Սասունցի Դավիթ» հարգադրոշմ պետք չի: Սա Սասունցի Դավիթը չէ, այլ ինչ-որ անհասկանալի կենդանի, որի վրա չգիտես ինչ է նստած»,- ասաց նա:
Դրոշմակնիքի շուրջ աղմուկը բարձրացել է դեռ անցած տարվա դեկտեմբերից, երբ Ոսկու շուկայի աշխատակիցները սկսեցին բարձրաձայնել, թե իրենց տուգանում են անհասկանալի դրոշմակնիքի պատճառով:
«Պարզապես զարմանալի է, որ օրենքն ընդունվելուց 6-7 տարի հետո է աղմուկ բարձրանում: Զարմանալի է, թե ինչու այսքան տարի մարդիկ չէին տուգանվում, կամ չէին ասում, թե իրենցից ինչ են պահանջում»,- ավելացրեց Պիպոյանը:
Առաջիկայում սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունները հնարավորություն կունենան իրենց ներկայացուցիչներն ունենալու ոսկու իրացման խոշոր կետերում:
«Մենք սպառողներին կօգնենք ոսկին գնելուց հետո մեզ մոտ ստուգել եւ պարզել` արդյոք իրեն չեն խաբել ոսկու գրամի հարցում, կամ հարգադրոշմը նորմալ է, թե ոչ»,- եզրափակեց Բաբկեն Պիպոյանը` նշելով, որ այս կերպ չեն կարողանա սպառողներին խաբել:
Հիշեցնենք, որ կառավարության 2006 թ. որոշմամբ` ոսկյա զարդի վրա պետք է դրոշմված լինի «Սասունցի Դավիթ» պատկերը: 2013թ. դեկտեմբերին «Վաղարշ եւ որդիներ» ոսկու շուկայում անցկացված ստուգումների արդյունքում հայտնաբերվել էին հիմնականում առանց հարգորոշման ոսկյա զարդեր կամ անհասկանալի հարգադրոշմամբ ոսկյա իրեր: Ընկերությունը տուգանվել էր 95 մլն դրամով:



























