Վանաձոր համայնքի բյուջեի վրա ապօրինաբար է կալանք դրված: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը:
Նա պարզաբանեց, որ այդ գործերը այժմ Վերաքննիչ դատարանում է, որը կպարզաբանի: «Ոչ թե այդ մարդկանց բնակարան չենք տվել, այլ իրենք դիտավորյալ չեն եկել իրենց բնակարանը ստանալու: 12 ընտանիքներից 11-ը եկավ, վիճականությանը մասնակցեցին, վիճակահանությունով գիտեն՝ իրենց բնակարանը որն է, իսկ ինքը չեկավ, որ դատի տա ու գումարը պահանջի: Իսկ ԴԱՀԿ-ն դատարանի ոչ լիարժեք որոշման հիման վրա արգելք է դրել: Քաղաքապետը ինչ-որ գրությոն է տվել, որը միայն ավագանին պետք է տար, իսկ դատարանը, հաշվի չառնելով., որ դա միայն ավագանին կարող է տալ, քանի որ բյուջեի տերը ավագանին է, նրանք սխալ գործարք են արել: Վանաձորի առաջին ատյանի դատարանը օրենքով չի շարժվել, ժամանակին այն փաստաթղթերը, որ իրենք պետք է պահանջեին ավագանուց, գնացել են քաղաքապետի գրած ինչ-որ մի թղթի հիման վրա որոշում են կայացրել»,-ասաց Սամվել Դարբինյանը:
Նշենք, որ «Հրապարակի» տեղեկություններով՝ արդեն շուրջ 10 օր է, ինչ արգելանք է դրված Վանաձոր համայնքի բյուջեի վրա: Նույն տեղեկությունների համաձայն, պատճառն այն է, որ Վանաձորի քաղաքապետարանը, ի դեմս քաղաքապետ Սամվել Դարբինյանի, չի կատարել իր առջեւ դրված պարտավորությունը, որով դեռեւս 2011թ. պայմանագիր է կնքել Վանաձորի բնակիչներից մեկի հետ, ում պետք է բնակարան հատկացվեր քաղաքի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում: «Բնակարանը, սակայն, պայմանագրով սահմանված ժամկետում չի կառուցվել, եւ բնակիչը, դիմելով դատարան, բնակարանի գումարն ստանալու իրավունք է ստացել: Դատարանի վճռով քաղաքապետարանը պարտավորվել է բնակչին վճարել շուրջ 38 հազար ԱՄՆ դոլար գումար: Այժմ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը քաղաքի բյուջեի վրա կալանք է դրել»,- գրել էր թերթը:




























