Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության եւ Մեծամորի բաժնի ծառայողները Երեւան քաղաքի Գայի պողոտայից, գողություններ կատարելու կասկածանքով, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, բերման են ենթարկել 22-ամյա Արթուր Պ.-ին, նախկինում 3 անգամ դատված 37-ամյա Հայկ Ս.-ին եւ ավտոմեքենայի վարորդ, նախկինում 4 անգամ դատված 33-ամյա Աշոտ Բ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Արթուր Պ.-ն եւ Հայկ Ս.-ն խոստովանել են, որ փետրվարի 18-ին, ժամը 13.00-ի սահմաններում, հարմարեցված բանալիով Երեւան քաղաքի Նորքի 7-րդ զանգվածի 44 շենքի բնակարաններից մեկի դուռը բացելով` գողացել են «Նոութ-բուք» համակարգիչ:
Գողոնն առգրավված է:
Հայկ Ս.-ի մոտից հայտնաբերվել են բանալիներ եւ մետաղաձողեր, որոնք հարմարեցված են եղել փականներ բացելու համար, իսկ Արթուր Պ.-ի մոտից` գաղտնի փականով ծալովի դանակ, որն ուղարկվել է փորձաքննության:
Արթուր Պ.-ն եւ Հայկ Ս.-ն խոստովանել են նաեւ, որ իրենք Երեւան քաղաքում կատարել են մի շարք գողություններ եւ գողության փորձեր, որոնք իրենց կամքից անկախ պատճառներով չեն կարողացել հասցնել ավարտին:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Նոր Նորքի բաժին:



























