Նյու Յորքի բնակիչ 83-ամյա Էդ Հեյլն ու 82-ամյա Ֆլորին Հեյլը 60 տարի եղել են անբաժան, և նույնիսկ մահը չի կարողացել նրանց բաժանել. ամուսինները ժամերի տարբերությամբ կողք կողքի պառկած և իրար ձեռք բռնած մահացել են հիվանդանոցում:
Daily Mail-ը տեղեկացնում է, որ Էդ Հեյլը երիկամային անբավարարությամբ մահամամերձ վիճակում տեղափոխվել էր Նյու Յորքի հիվանդանոցներից մեկը։ Ամուսնուն հիվանդանոց տեղափոխելուց որոշ ժամանակ անց Ֆլորին Հեյլը նույնպես իրեն լավ չի զգացել, և նրան սրտի անբավարարությամբ ու այլ ախտանիշներով տեղափոխել են մեկ այլ հիվանդանոց:
Երբ Էդ Հեյլն իմացել է, որ կինը հիվանդանոց է տեղափոխվել, ցանկություն է հայտնել տեսնել մահամերձ կնոջը և նրա կողքին լինել:
Երկու հիվանդանոցների բժիշկները համագործակցելով կարողացել են իրականացնել մահացող ծերունու վերջին խնդրանքը և նրան տեղափոխել կնոջ մոտ, որպեսզի նրանք մինչև վերջին պահը միասին լինեն:
Ֆլորինի և Էդի սիրո պատմությունն սկսել է ավելի քան 60 տարի առաջ, երբ նրանք հանդիպել են խնջույքի ժամանակ: Երբ Էդը գնացել է Ֆլորինի ձեռքը խնդրելու, Ֆլորինի ծնողները մերժել են նրան, քանի որ դուստրը նոր էր կորցրել առաջին ամուսնուն և հոգեպես վատ վիճակում էր:
Էդը չի հանձնվել և ապագա կնոջ ծնողներին ասել է, որ «ոչ» պատասխան չի ընդունի:
1953թ. մայիսի 12-ին Ֆլորինն ու Էդը ամուսնացել են և երկու երեխա ունեցել:
Ամուսիններին միասին հուղարկավորել են Սուրբ Վալենտինի նախօրեին։






























