Հայ ոստիկանները, փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրը, հանրապետության մարզերի ու մայրաքաղաքի դպրոցների գրադարաններին են նվիրել 12 հազար գիրք, որից 2500-ը՝ ծերանոցին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ այդ օրը ոստիկաններն այցելել են Երեւանի թիվ 105 դպրոց: Ոստիկանների նվիրած գրքերն իրենց տեղը կզբաղեցնեն նաեւ թիվ 29 ավագ դպրոցի գրադարանում: «Ոստիկանության հետ մեր սերտ համագործակցությունը նոր չէ, մեր համագործակցությունից շահում է դպրոցը, շահում են երեխաները»,- ասել է կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը: Իսկ դպրոցի տնօրենն ու աշակերտները վկայում են՝ անչափահասները միշտ էլ ոստիկանության ուշադրության եւ հոգածության կենտրոնում են:

Ոստիկանության ուշադրության եւ հոգածության կենտրոնում է նաեւ Նորքի ծերանոցը: Տարեցներն իրենց հյուրերին լավ են ճանաչում, հաճախ արժանանում նրանց հոգատար վերաբերմունքին, հաճելի անակնկալներին: Այս այցից հուզված են. գիրք կարդալ բոլորին է անհրաժեշտ, բայց իրենց տարիքում դա ամենահաճելի զբաղմունքն է՝ ասում են նրանք:

Օրվա խորհուրդը մեծ էր՝ վերադարձ դեպի գիրքը, որ լավագույն ընկեր է եւ խորհրդատու: