Երիտասարդների թոշակների հարցը մենք ո՞նց ենք լուծելու, եթե երկիրը ծերացող է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 21-ին, կենսաթոշակային երրորդ տարեկան համաժողովի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ անդրադառնալով պարտադիր կուտակային կենսաթոշակների նոր համակարգին: Նրա խոսքով՝ Հայաստանում երբ քաղաքացին թոշակի է անցնում, միանգամից բախվում է աղքատության խնդրին:

Համեմատելով կենսաթոշակային ներկա համակարգը նոր ներդրվողի հետ, վարչապետը նշել է, որ գործող համակարգի դեպքում՝ այսօրվա հարկ վճարողները պետք է այնքան հարկ վճարեն, որով մենք կարողանանք թոշակներ վճարել, իսկ ներկայումս ծերացող երկրներում  կյանքի տեւողությունը երկարում է, ինչը նշանակում է, որ դա իր ազդեցությունն է թողնում գործող համակարգի վրա: Նրա խոսքով՝ գործող համակարգի թերություններից մեկն էլ այն է, որ քաղաքացին չի կարող հստակ իմանալ, թե պետությունը իր թոշակի անցնելու ժամանակ ֆինանսական ինչ վիճակում կլինի:

«Հիմա մեր ընդդիմախոսները մեզ առաջարկում են այլընտրանք: Օրինակ՝ հարկային վարչարարությունը բարելավել: Կա մեկ այլ տարբերակ, որ կենսաթոշակային տարիքը երկարացվի, սակայն դա Ֆրանսիայում լրջագույն սոցիալական խնդիր առաջացրեց: Մեր համակարգի տրամաբանությունը հետեւյալն է՝ ցանկացած աշխատող քաղաքացի կրում է պատասխանատվություն իր ծերության համար»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Նա նկատել է, որ չկա աշխարհում որեւէ երկիր, որն այդ համակարգը դնի եւ չստանա դժգոհություն, եւ Հայաստանը բացառություն չէ: