Հանքասարի հանքավայրը շահագործող «Լեռ-Էքս» ՍՊԸ-ի տրակտորները ոչնչացնում են խնձորի այգին, հաղորդում է «ԷկոԼուրը»:   Facebook սոցիալական ցանցում Կապանի բնակիչ Սամվել Գաբրիելյանը ահազանգում է. «Ես ունեմ 2,8 հա խնձորի այգի Կապանի Աջաբաջ ( Նոր Աստղաբերդ) գյուղում: Այսօր այնտեղից զանգեցին ինձ ու տեղեկացրին, որ տրակտորները` այնտեղի Մաքսիմի հանքերի, գցել են եւ ոչնչացնում են տարիներով աճեցրած, խնամած, տոննաներով խնձորի բերք տվող այգին, որպեսզի այնտեղով հանքի պոչերի խողովակներ անցկացնեն, որը կփչացնի ոչ միայն ողջ այգին, այլեւ ամբողջ գյուղը»:

Նշենք, որ «Լեռ-Էքս» ՍՊԸ-ն պատկանում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն մաքսիմ Հակոբյանին: Նա այն գնել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանից:

Սամվել Գաբրիելյանի խնդրանքով  ահազանգին տեղում արձագանքել է «Կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ Արմեն Փարսադանյանը, ով «ԷկոԼուրի» հետ զրույցում ասել է. «Հանքասարի պղնձամոլիբդենային հանքավայրի պոչատարը միացվում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոնբինատի պոչատար խողովակաշարին: 2 ամսվա մեջ 25 կմ երկարությամբ խողովակաշար պետք է անցկացվի»: Արմեն Փարսադանյանի խոսքով` փաստը ողջունելի է, քանի որ այս աշխատանքներից հետո հանքավայրի պարզվածքները չեն լցվի այլեւս Գեղի գետը, եւ կշահագործվի մեկ պոչամբար: Նա սակայն խնդիր եւս արձանագրեց. «Ընկերությունը չի ցանկանում բանակցություններ վարել բնակիչների հետ եւ փոխհատուցել»: ԶՊՄԿ-ի շինարակական աշխատանքների պատասխանատուն ասել է. «Մենք դրա համար ժամանակ չունենք»:

Նոր Աստղաբերդ համայնքի գյուղապետ Սուրիկ Թեւանյանն էլ «Էկոլուրի» հետ զրույցում նշել է, որ բնակիչներն ի սկզբանե տեղեկացված են եղել եւ կողմ են: Իսկ Սամվել Գաբրիելյանի բարձրացրած ահազանգը վրդովվեցրեց գյուղապետին. «Գոնե գար մի հատ, ինձ հետ խոսեր, իմանար` ինչը ինչոց էր, նոր աղմուկ բարձրացներ: 180 ծառ եմ տվել, ոչ մի անգամ չի մշակել: Արդեն 4-րդ տարի է` ոչ հետաքրքվում է այդ այգով, ոչ էլ վարձն է վճարում: Թողել, գնացել է Երեւան»: Գյուղապետի խոսքով` հատվել է 2 ծառ, սակայն աշխատանքներից հետո ընկերությունը խոստացել է տնկել 12-20-ը:

Ի պատասխան գյուղապետի խոսքերի` Սամվել Գաբրիելյանը նշել է. «Ես զանգել եմ գյուղապետին, բայց չեմ կարողացել կապվել հետը…Ինչ վերաբերում է վարձավճարին, շուրջ 3 տարի,  ինչ սկսվել է հանքը շահագործվել, աշխատողները մտնում են այգի ու փչացնում են ամբողջ բերքը: Այգուց եկամուտ չեմ ստանում եւ հնարավորություն չեմ ունենում վարձը տալ: Բերել են, հանքը կառուցել են Կապանի խմելու ջրի վրա: Բացի այդ, տարածքում կան ՀՀ Կարմիր գրքում գրանցված բուսատեսակներ: Շահագործելուց հետո ջուրը կտրվեց, մեքենաներով մտնում են խոտն ու բուսականությունն են փչացնում: Ես այդ ամենը չեմ կարող վերահսկել: Այդքանից հետո, ինչպե՞ս խնամեմ»: Ըստ նրա վերջին տեղեկությունների`արդեն հատվել է 7 ծառ:

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում