ՀՀԿ-ն որպես իշխող ուժ դեպի հետ ուղի չի տեսնում՝ կապված պարտադիր կուտակային կենսաթոշակային բարեփոխման հետ, քանի որ որոշումը բազմիցս հիմնավորվել է: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ Ֆինանսավարկային ու բյուջետային միջոցների հարցերով հանձնաժողովի անդամ Սուքիաս Ավետիսյանը:
Ըստ նրա՝ որոշակի քաղաքական ուժեր փորձում են օգտագործել «Դեմ եմ» քաղաքացիական շարժումը սեփական նպատակների համար: «Սակայն դա զուտ քաղաքացիական շարժում է ու ես ողջունում եմ ցանկացած քաղաքացիական նախաձեռնություն, որն ավելի կոնստրուկտիվ է առանց քաղաքական ուժերի մասնակցության»,-ընդգծել է Ավետիսյանը:
«Ամբող իշխող թիմն իր մեղավորությունն ունի, մենք չենք կարողացել մեր բնակչության գիտակցության մեջ ներդնել այդ բարեփոխման անցկացման անհրաժեշտությունը: Բացի այդ, ժողովուրդը մտավախություն ունի, քանի որ անկախության առաջին տարիներին խնդիրներ կային: Մենք, իհարկե, փորձել ենք օրենսդրական հիմքով վերացնել այդ մտավախությունները»,-հայտարարել Ավետիսյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ուժի մեջ է մտել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը



























