Եթե Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հանձնի իշխանությունը, կազակները վերահսկողության տակ կառնեն ուժային գերատեսչությունները եւ Սեւաստոպոլի զորամասերը, հայտարարել է Կազակների միության ատաման Վյաչեսլավ Բեբնեւը:

 «Եթե Յանուկովիչը հանձնի իշխանությունը, նույն օրը, հավաստիացնում եմ, այստեղ իշխանությունը մեր ձեռքը կանցնի: Մենք այստեղ ոչ ոքի զենքով մտնել թույլ չենք տա», - ընդգծել է նա, հայտնում է «ForPost»-ը:

 Բեբնեւը նաեւ նշել է, որ ղրիմցիները «դրա իրավունքն ունեն»:

Հիշեցնենք, փետրվարի 20-ին Ղրիմի խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը հայտարարել էր, որ թերակղզին կարող է Ուկրաինայից առանձնանալու հարց բարձրացնել:

Իրենց հերթին Ղրիմի Գերագույն Ռադայի մի շարք պատգամավորներ կողմ էին արտահայտվել Ղրիմը Ռուսաստանին միացնելուն եւ մտադիր էին Մոսկվայից օգնություն հայցել Ուկրաինայի վերջին դեպքերի հետ կապված: