Կենսաթոշակային հիմնադրամներն ապացուցել են իրենց շահավետությունը արեւմտյան երկրների օրինակով, փետրվարի 21-ին լրագրողներին հայտնել է ՀՀԿ-ական պատգամավոր, խորհրդարանի ֆինանսական հանձնաժողովի նախագահ Գագիւկ Մինասյանը:

Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ նախորդ տարիներին այդ հիմնադրամների շահութաբերությունը, անգամ ֆինանսական ճգնաժամը հաշվի առնելով,  6 – 7% է կազմել: «Նկատե՛ք, հաշվի առնելով գնաճը», - հավելել է Մինասյանը:

Մի խոսքով,  ըստ պատգամավորի, ՀՀ քաղաքացիները չպետք է անհանգստանան, թե իրենց կենսաթոշակային ավանդները բավարար շահույթ չեն բերի:

Մինասյանի խոսքով՝ արժույթի ոչ մի հնարավոր փոփոխություն չի ազդի կենսաթոշակային հիմնադրամների աշխատանքի վրա: «Օրինակ՝ Էստոնիայում, որտեղ տեղական արժույթը փոխարինվեց եվրոյով, քաղաքացիների կենսաթոշակային ավանդները չտուժեցին», - ամփոփել է նա:

Հիշեցնենք , որ 2014թ. հունվարի 1-ից ՀՀ-ում ուժի մեջ է մտել Պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին օրենքը, որով նախատեսվում է 1974-ից հետո ծնված ՀՀ քաղաքացիների ամսական աշխատավարձից 5%-ի չափով պարտադիր հատկացումներ կատարել կենսաթոշակային հիմնադրամներին։

Հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը մինչեւ խորհրդարանական չորս ուժերի դիմումի՝ 2014թ. մարտի 28-ին նշանակված բանավոր ընթացակարգով քննությունը, կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը: Կան ընկերություններ, որոնք միեւնույնն է՝ գանձում են կենսաթոշակային 5% պարտադիր վճարը: