Երեւանի Վաղարշյան փողոցում տեղի ունեցած դեպքով սպանության փորձի եւ խուլիգանության մեղադրանքներով հետախուզվող Աշոտ Մնացականյանը փետրվարի 18-ին Վիեննայից տեղափոխվել է Երեւան:
Ոստիկանությունը հայտնում է, որ Աշոտ Մ.-ը Վիեննայում կալանավորվել է 2013թ. նոյեմբերի վերջին: Դեպքը, որի համար Աշոտը կալանավորվել է, կատարվել է նոյեմբերի 28-ին` ժամը 20:40-ի սահմաններում, Երեւանի Վաղարշյան փողոցի 10 հասցեում գտնվող առեւտրի կենտրոնի մոտ` մասամբ նաեւ ներսում:
Առեւտրի կենտրոնի տեսախցիկները տեսագրել են դաժան ծեծի մեծ մասը:
Դեպքի օրը Ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 34.104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի` մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված սպանության փորձ, եւ 258-րդ հոդվածի 4-րդ մասի` խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով եւ որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ հատկանիշներով:
Ոստիկաններին հաջողվել է պարզել, որ դեպքից մի քանի ժամ անց` 5:30-ի սահմաններում, Նիդեռլանդների քաղաքացիություն ունեցող Աշոտ Մ.-ը մեկնել է Վիեննա:
Վիեննա հասնելուն պես Աշոտ Մ.-ը ձերբակալվել է Ավստրիայի իրավապահերի կողմից:
Նախաքննությունը շարունակվում է: Մանրամասները` Ոստիկանության տեսանյութում:











