Հայ ժողովրդի մեջ ծայրահեղականներ չկա, որոնք չեն մտածում իրենց երկրի մասին՝ ի տարբերություն ուկրաինացիների: Այս մասին այսօր կայացած մամուլիս ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը՝ անդրադառնալով երկրում ուկրաինական իրադարձությունների նման իրավիճակի հնարավոր զարգացմանը:
Պատգամավորն ընդգծել է, որ ցավում է Ուկրաինայում տիրող իրավիճակի համար: Ըստ նրա՝ իրավիճակը կարծես ոչ մի կերպ չի կարգավորվում եւ ոչ ոք հստակ մեխանիզմ չի տեսնում՝ կարգավորելու ճգնաժամը, քանի որ արդեն երկկողմ բախումներ են տեղի ունեցել: «Փաստացի երկար ժամանակահատվածի ընթացքում մի խումբ մարդիկ խաղաղ ցույցեր էին անցկացնում, մյուս խումբը՝ զուգահեռաբար զինվում էր եւ, կարծում եմ, որ Ուկրաինայի իշխանությունները պետք է վաղուց նկատած լինեին ու կանխեին այդ երեւույթի տարածումը, որպեսզի բանը չհասներ նրան, որ չկարողանային հասկանալ, թե ով ում վրա է կրակում»,-ասել է Ավետիսյանը՝ հավելելով, որ Ուկրաինան այնքան էլ շուտ ուշքի չի գա:
Ինչ վերաբերում է նմանատիպ իրավիճակի առաջացման հավանականությանը նաեւ Հայաստանում, նա ընդգծել է. «Կարծում եմ, որ Հայաստանում նման բան լինել չի կարող: Քաղաքացիական նախաձեռնություններն ու քաղաքական ուժերը բավականին խելամիտ են: Բնական է՝ այսօր Հայաստանում նույն եվրոպական կառույցները մասնակցում են տարբեր շարժումների աշխատանքներին, սակայն նրանց երբեք չի հաջողվի մեր ժողովրդին դրդել նման քայլերի: Մեր ժողովուրդը շատ լավ է հասկանում, որ այդ կերպ մենք կկորցնենք մեր անկախությունը»:



























