«Արմավիա» ընկերությունը դեռ չի մարել իր նախկին աշխատողների աշխատավարձային պարտքերը, ինչը հերթական անգամ այսօր՝ փետրվարի 21-ին, փողոց էր դուրս բերել ընկերության նախկին աշխատակիցներին։

Նրանք նախ հավաքվել են «Արմավիա» գրասենյակի մոտ, սակայն, տեսնելով, որ այն փակ է, գնացել են կառավարություն։ Այստեղ մոտ կես ժամ նրանց ոչ ոք չի մոտեցել, մի քանի տասնյակ օդաչուները, բորտուղեկցորդներն ու տեխնիկական սպասարկման աշխատակիցները գնացել են նախագահի նստավայր, որտեղ իրենց պահանջները նամակով հանձնել են նամակների բաժին։

Նշենք, որ «Արմավիայի» մոտ 65 բորտուղեկցորդներ, 45 օդաչու, տեխնիկական անձնակազմի 40 աշխատակից չի ստացել երկու ամսվա աշխատավարձը, վերջանահաշվարկը, օրապահիկները, ընդ որում՝ բորտուղեկցորդներին եւ տեխնիկական աշխատողներին ընկերությունը պարտք է յուրաքանչյուրին՝ 1-2 մլն դրամ, օդաչուներին՝ 6 -10 մլն-ական դրամ։

Ընկերության նախկին աշխատակիցները NEWS.am-ի թղթակցին ասացին, որ իրենց մեծ մասն այլ երկրներում աշխատանք է գտել։

«Բաղդասարովը գող է, եթե իմ գումարը չի տալիս, ուրեմն գող է։ Գնացել եմ, Ղարաբաղում կռվել, եկել եմ, որ էսօր մեր երեխաների հետ սե՞նց վարվեն։ Ես արդեն աշխատանք ունեմ, փողն ինձ պետք չի, բայց ինչ էլ լինի, ես էդ փողը ստանալու եմ, իրանց չեմ թողնելու»,- ասաց օդանավի նախկին հրամանատար Ավագ Ալեքսանյանը, որն այժմ աշխատում է ռուսական ավիաընկերություններից մեկում։

«Կտանեմ գետը կլցնեմ, բայց էդ փողը պիտի ստանամ»,- վրդովված ասաց բորտուղեկցորդուհիներից մեկը։

«Արմավիայի» նախկին աշխատակիցների խոսքով՝ ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը խոստացել էր, որ «Արմավիային» պատկանող ինքնաթիռները վաճառելուց հետո կվճարի աշխատավարձերը, ու թեեւ երկու ամիս առաջ երկու ինքնաթիռ է վաճառել, դեռ չի վճարել պարտքերը։

Հիշեցնենք, որ «Արմավիա» ավիաընկերությունը (նախկինում՝ հանրապետության միակ ազգային ավիափոխադրողը) չվերթները դադարեցրել է 2013թ. ապրիլի 1-ից՝ ֆինանսական խնդիրների պատճառով:

«Արմավիան»,  որը մինչեւ այսօր իրեն սնանկ չի հայտարարել եւ սնանկ չի ճանաչվել, հրաժարվում է վճարել աշխատավարձերի պարտքը` պատճառաբանելով, որ գումար չունի: