Մաքսային միության անդամ երկրները Հայաստանում որոշ ապրանքների հնարավոր թանկացման հարցում զիջումների կգնան: Այս մասին փետրվարի 21-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի անդամ Սուքիաս Ավետիսյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունում աշխատանքային խումբ է ստեղծվել՝ առաջին անհրաժեշտության ապրանքների հատուկ տեսակներին ցանկը կազմելու համար, որոնց հետ կապված մտավախություն կա, թե Մաքսային միության անդամ դառնալու փաստաթղթերի ստորագրումից հետո սակագները կթանկանան: «Աշխատանքային խումբը կփորձի Մաքսային միության հետ համաձայնագրեր ստորագրելիս բարձրացնել այս հարցերը եւ առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացում թույլ չտալ:
Կարծում եմ, որ Մաքսային միությունն այնպիսի կառույց չէ, որում անհնար լինի քննարկում անցկացնելը: Սա տարբեր պետությունների ցանկությամբ ստեղծված կառույց է, եւ բնականաբար ամեն պետություն իր շահերն ունի», - նշել է Ավետիսյանը՝ ընդգծելով, որ ամեն ինչ պետք է փոխադարձ լինի, որպեսզի պետությունների շահերը չտուժեն:
Խոսելով ռուբլուն անցնելու հնարավորության մասին՝ պատգամավորն ասել է. «Ես չեմ պատկերացնում, որ պաշտոնական մակարդակով նման խոսակցություններ են եղել: Կարծում եմ, որ դա իրատեսական չէ, քանի որ ծագում է նաեւ պետության ինքնուրույնության խնդիրը»:


























