Գրող, հրապարակախոս Զորի Բալայանը կարծում է, որ իրեն ոստիկանությունը «Մարտական զորակցություն» մեդալով պարգեւատրել են սամբո մարզաձեւում ունեցած ներդրման համար: NEWS.am-ի թղթակիցը զանգահաեւել էր Զորի Բալայանին՝ շնորհավորելու ստացած մեդալի կապակցությամբ, ինչպես նաեւ պարզելու, թե ոստիկանությանը ցուցաբերած ո՞ր աջակցության համար են իրեն պարգեւատրել:
«Քանի տարի է՝ ես Սամբոյի դպրոցի պատվավոր նախագահն է, իսկ դա մտնում է «Դինամոյի» մեջ: Արդեն 40 տարի է՝ հիմնադրել, ստեղծել ենք դպրոց, եւ եթե նայեք վիճակագրությունը՝ ամենաշատ մեդալները աշխարհից բերել ենք մենք:
15 տարի սամբոյի ֆեդերացիայի նախագահն եմ եղել, հետո պատվավոր նախագահ, որը ճանապարհորդություններ է անում»,- ասաց նա: Մեր դիտարկմանը, թե սամբոյի ոլորտում ունեցած ներդրումը արդյոք սպորտի նախարարության լիազորությունների շրջանակում չէ, հայտնի գրողը նեղսրտեց. «Ձեր հարցում ազնվություն չեմ տեսնում», ապա հավելեց, որ «Դինամոն» մտնում է ոստիկանության մեջ:
Նա կոչ արեց իր՝ ոստիկանությանը ցուցաբերած աջակցության հարցով դիմել ոստիկանապետին, ոչ թե իրեն:
Հիշեցնենք, որ Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը փետրվարի 20-ին, գրող, հրապարակախոս Զորի Բալայանին պարգեւատրել է «Մարտական զորակցություն» մեդալով՝ ՀՀ ոստիկանությանը ցուցաբերած աջակցության համար:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանապետը հանդիպման մասնակիցներին մեկ անգամ եւս հիշեցրել է, որ Արցախի հերոս, բժիշկ, ԽՍՀՄ սպորտի վարպետ Զորի Բալայանը ղարաբաղյան պատերազմի մասնակից-տարեգիրն է եւ այսօր էլ պայքարում է արցախյան հարցի արդար լուծման համար:
ՀՀ ոստիկանության պետը Զորի Բալայանին շնորհել է նաեւ Հայաստանի «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության պատվոգիր եւ պատվավոր անդամի անդամատոմս` մաղթելով առողջություն, ուժ եւ կորով:



























