Վերջին մեկ տարվա ընթացքում Լեզվի պետական տեսչության վարչական ստուգումների արդյունքում տուգանքների տեսքով 6 միլիոն դրամ է մտել պետական բյուջե: Այս մասին այսօր՝փետրվարի 21-ին, Մայրենի լեզվի միջազգային օրը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Լեզվի տեսչության պետ Սերգո Երիցյանը` նշելով, որ խախտումները նկատվում են հիմնականում հրապարակային գրվածքներում և առողջապահության ոլորտում:
«Վերջին շրջանում շատ են խախտումները առողջապահության ոլորտում: Նորահայտ «մեդերը» բացառապես օտար լեզվով են տալիս հիվանդության քննությունն ու պատմությունը: Զգուշացնում ենք, որ նրանց նկատմամբ ևս կսահմանվեն տույժեր»,-ասաց Սերգո Երիցյանը:
Նա նշեց, որ բոլոր հրապարակային գրվածքերում՝ ցուցանակների ու գովազդային վահանակների վրա, հայերեն գրությունները պետք է գերակա լինեն: Այս հարցում վերջին տարիներին, ըստ բանախոսի, դրական տեղաշարժեր կան, բայց ավելի մեծ հաջողությունների հասնելու համար Երիցյանն առաջնահերթ է համարում լեզվաքաղաքականության պետական ծրագրի ընդունումը:
«Ծրագիրը հնարավորություն կտա լուծել լեզվին առնչվող որոշակի խնդիրներ: Մենք շատ հաճախ տեսնում ենք՝ հրապարակ են նետվում ծաղրական արտահայտություններ և ասում, որ սա մեր լեզվի շինարարությունն է: Անհրաժեշտ է ստեղծել լեզվական բառարաններ, ձեռնարկներ, ուսումնասիրություններ կատարել, ինչպես նաև ստեղծել տերմինաբանական խորհուրդ»,- ասաց Սերգո Երիցյանը՝ նշելով, որ օրենսդրական բացի պատճառով 7 տարի է, ինչ տերմինաբանական խորհուրդը չի գործում, ինչը լուրջ խնդիրներ է առաջացնում:
Օգտվելով առիթից նա նաև ուղերձ հղեց Էկոնոմիկայի նախարարությանը. «Լեզուն ոչ ոքի չի խանգարում, առավել ևս բիզնեսին: Ընդհակառակը, լեզուն օգնում է բիզնեսին: Առանց հայոց լեզվի ինչպե՞ս կարելի է սահմանել բիզնես գործունեություն»:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am


























