Կենսաթոշակային նոր համակարգը ճիշտ քայլ է ճիշտ ուղղությամբ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 21-ին, Կենսաթոշակային երրորդ տարեկան միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին:

Նրա խոսքով՝ այս բարեփոխումները կբերեն ՀՀ քաղաքացիների եկամուտների ավելացման, կենսաթոշակառուների կենսաթոշակների ավելացման, տնտեսական շուկաների զարգացման, աղքատության նվազեցման:

«Այս բարեփոխումների իրականացումը մեծ մարտահրավեր է հանդիսացել աշխարհի շատ երկրների համար: Դրական արդյունքներ են գրանցվել Հունգարիայում, Լեհաստանում, Սլովակիայում, Ռուսաստանում»,- ասել է Հափին:

Իր հերթին, ԱՄՀ երեւանյան գրասենյակի ղեկավար Տերեսա Դաբան Սանչեսը նշել է, որ կենսաթոշակային բարեփոխումները ֆիսկալ լուրջ փոփոխությունների են հանգեցնելու. «Կենսաթոշակային բարեփոխումները շատ հստակ ուղղվածություն ունեն, հետապնդում են հստակ նպատակ, նպաստելու են բյուջետավորման մասով հետագա բեռի նվազեցմանը, օգնելու է ստվերային տնտեսության կրճատմանը: Երաշխիքների խնդիրը եւս չափազանց կարեւոր է ԱՄՀ համար»:

Հիշեցնենք, որ համաժողովի ժամանակ դահլիճ էին ներխուժել «Դ!ԵՄ ԵՄ» շարժման անդամները եւ խոչընդոտել հանձնաժողովի աշխատանքը: Ակտիվիստներից մեկի նկատմամբ բռնություն էր կիրառվել: