Վաշխառությունը Հայաստանում դարձել է  թալանելու արվեստ, ստեղծվել է կաստա , որի մեջ խառնված են նոտարներ, դատավորներ, բանկի աշխատակիցներ, ոստիկանության աշխատակիցներ: Այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Վելես» իրավապաշտպան ՀԿ նախագահ Մարինա Պողոսյանը:

«Մենք գտնվում ենք տնտեսապես շատ ծանր վիճակում: Վաշխառությունն էլ տզրուկի պես սնվում է մեր ծանր տնտեսական վիճակից: Խնդիրը անհատ վաշխառուներն են, որոնք գործում են երկրում ծանր սոցիալական վիճակի մեջ գտնվող մարդկանց շնորհիվ»,- ասաց Մարիա Պողոսյանը:

Փաստաբան Գեղամ Սիմոնյանի խոսքով՝ այսօր վաշխառուների գործունեւության  զոհերը օրեցօր շատանում են, եւ իրենք պայքարում են այդ մարդկանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

«Ես այժմ զբաղվում եմ Գայանե Թումասյանի շահերի ներկայացմամբ: Նա մի կին է, որ դառնալով  հանագամանքների զոհ՝ մնացել է առանց տանիքի: Նրա ամուսինը՝ Մուսաբեկ Սամվելյանը, ոմն Հովհաննես Երիցյանից տոկոսով գումար է վերցրել՝ գրավ դնելով տունը: Սակայն վաշխառուն, որը երբեք գրավի կամ փոխառության պայմանագիր չի կնքում,  պնդել է, որպեսզի ձեւակերպվի տան առուվաճառքի գործարք: Մեկ տարի անց հայտնվել է այդ մարդը, ներկայացրել տան սեփականության վկայականը, եւ տնից դուր հրավիրել»,- պատմեց Գեղամ Սիմոնյանը

Փաստաբանի խոսքով, տան առուվաճառքի պայմանգիրը կնքելիս ապօրինի գործողություններ են կատարվել:

«Գործարքը կնքել են  նոտար Նոնա Գասպարյանի  մոտ: Պայմանագիրը կնքել է  վաշխառու Հովհաննես Երիցյանի աշխատակից Վահե Վարդանյանը, ում լիազորագիր է տվել տան համասեփականատեր Մուսաբեկ Թումասյանը: Տունը չէր կարող վաճառվել առանց համասեփականատեր Գայանե Թումասյանի համաձայնության, այդ պատճառով  Վահե Վարդանյանը հայտարարություն է տվել, որ Մուսաբեկ Սամվելյանը ամուսնացած չէ, այսինքն միակ սեփականատերն է: Սակայն նոտարը  չպետք է վավերացներ այդ պայմանագիրը»,- դեպքի մանրամասները պատմեց փաստաբան Սիմոնյանը:

Իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի խոսքով,  վաշխառուն սովորաբար իր թիմի մեջ ունի նոտար, որն ապօրինի գործարքներ է կնքում:

«Վաշխառուների հետ համագործակցում են նաեւ բանկի աշխատակիցներ: Օրինակ ՝ «Կոնվերս» բանկի խոշոր բանկային մասնագետ Գինոսյան Վարդանը: Նրանք գցում են մարդկանց վաշխառուի ճանկը»,- տեղեկացրեց Մարինա Պողոսյանը: