Ադրբեջանում նեղացել են ԱՄՆ-ից՝ քննադատության համար: ԱՊԱ-ն հայտնում է, որ ԱԳՆ-ն մեկնաբանել է փետրվարի 20-ին ԵԱՀԿ-ի մշտական խորհրդի նիստում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի քննադատությունը՝ ոչ կառավարական կազմակերպությունների վերաբերյալ օրենքում վերջին լրացումներ եւ փոփոխություններ կատարելու առթիվ:
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության ղեկավար Էլման Աբդուլաեւի՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի եւ Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան պատրաստված ոչ կառավարական կազմակերպությունների վերաբերյալ օրենքում վերջին լրացումներ եւ փոփոխություններ կատարելը հրապարակային լայն քննարկման էր ներկայացվել՝ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների, Միլի Մեջլիսի, արդարադատության նախարարության եւ միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ:
Ըստ նրա՝ այդ լրացումների եւ փոփոխությունների հիմնական նպատակը ոչ կառավարական կազմակերպությունների գործունեության թափանցիկությունը բարձրացնելն է, եւ հատկապես, նրանց ֆինանսավորման հարցում, կոռուպցիոն տարրերի վերացումն է եւ ՀԿ-ների դերն ամրապնդելը: «Այդ կապակցությամբ մենք, դիմելով ոչ կառավարական կազմակերպություններին, վճռականորեն կոչ ենք արել նրանց բաց եւ թափանցիկ գործունեություն ծավալել՝ Ադրբեջանի Հանրապետության օրենքների շրջանակներում, առանց ֆինանսավորման կոռուպցիոն եւ անօրինական մեթոդներ օգտագործելու»:
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Դենիել Բայերը ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում քննադատել էր Ադրբեջանում ոչ կառավարական կազմակերպությունների վերաբերյալ օրենքում վերջին լրացումներ եւ փոփոխություններ կատարելը:




























