Սիրիացի գործարար-ներգաղթյալները մեծ հույսեր են կապում Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու եւ ռուսական շուկայի հետ: Այս մասին փետրվարի 21-ի մամուլի ասուլիսում հայտարարել է «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնի ղեկավար Ալեքսան Քարադանյանը:
Ըստ նրա՝ Հայաստան ժամանած գործարարները դժվարությամբ են հարմարվում խիստ սահմանափակ հայկական շուկային:
«Սիրիայում մեր գործարարները մտածում էին՝ ինչպես գոյատեւել 27 միլիոն մարդ ունեցող շուկայում եւ 250-300 միլիոն մարդ ունեցող ամբողջ արաբական աշխարհում: Նախկինում մտածում էինք, որ այդպիսի խճանկարում դժվար է մեր տեղը գտնելը: Ստացվեց հակառակը. Հայաստանում, որտեղ սահմանափակ է եւ սպառումը, եւ արտադրությունը, ավելի բարդ է», - պարզաբանել է նա՝ հավելելով, որ սիրիահայ գործարարները մեծ հույսեր են կապում ռուսական շուկայի հետ:
ՀԿ-ի ներկայացուցիչը նշել է, որ Փոքր եւ միջին բիզնեսի զարգացման ազգային կենտրոնը (SME DNC) վարկեր է տրամադրել Սիրիայից ներգաղթյած ձեռնարկատերերի համար: Այնուամենայնիվ, Սիրիայում աջակցության միջոցներն ավելի լայն էին՝ նույնիսկ մինչեւ 3-5 տարվա «հարկային արձակուրդներ»: «Մեզ շատ հարկավոր են այդպիսի միջոցներ, քանի որ, ցավոք, մեր արտադրողները չեն կարող շարունակել իրենց գործը Հայաստանում: Նրանց ունեցվածքը Սիրիայում է մնացել, շատերին թալանել են: Արդյունքում շատերը նախընտրում են առեւտրով զբաղվել, քան արտադրությամբ: Կարծում եմ՝ պետությունը պետք է պայմաններ ստեղծի՝ արտադրողներին պաշտպանելու համար, որպեսզի այստեղ ապրանք արտադրող լինի», - նշել է Ալեքսան Քարադանյանը:


























