2014թ. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կխստացնի խոշոր առեւտրային օբյեկտների գնային քաղաքականության նկատմամբ վերահսկողությունը: Այս մասին փետրվարի 21-ին լրագրողներին հայտնել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: Ըստ նրա՝ խոշոր ընկերությունները կրճատում են ծախսերը մասշտաբների հաշվին, եւ դա միանգամայն արդարացված է: Սակայն չի կարելի դրա հաշվին իջեցնել գները՝ շուկայից փոքր մրցակիկցներին դուրս մղելու նպատակով:
Նա նշել է, որ սակագնի ցանկացած զգալի իջեցում, օրինակ՝ սուպերմարկետներում զեղչերը եւ ինքնարժեքից ցածր գնով վաճառքը, պետք է հիմնավորել: «Այդ դեպքում սուպերմարկետը կամ խոշոր խանութը պետք է ապացուցի, որ պատճառներն արդարացված են, օրինակ՝ նա վաճառում է կուտակված ապրանքները, այլ ոչ թե միտումնավոր է անում», - պարզաբանել է Շաբոյանը: Պետհանձնաժողովը նաեւ կուժեղացնի միաձուլումների վերահսկողությունը, որոնց հետեւանքով շուկայում գերիշխող սուբյեկտներ են առաջանում:



























