Եզդիների ազգային տոնի` «Խըդըրնավիի» կապակցությամբ Երեւանի քաղաքապետի խոհրդական Արայիկ Քոթանջյանն ընդունել է երեւանյան բուհերում բարձր առաջադիմություն ունեցող ազգությամբ եզդի հինգ ուսանողների եւ ՀՀ վաստակավոր լրագրող, Հանրային ռադիոյի եզդիերեն հաղորդումների բաժնի ղեկավար Հասան Թամոյանին:
Ազգային տոնի առիթով շնորհավորելով ներկաներին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից՝ Արայիկ Քոթանջյանը նշել է, որ ազգային փոքրամասնությունների խնդիրները մշտապես գտնվում են Երեւանի քաղաքապետարանի եւ անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանի անմիջական ուշադրության ներքո: Քաղաքապետի խորհրդականը հիշեցրել է, որ Երեւանի ավագանու անդամների թվում է նաեւ ազգությամբ եզդի Արմեն Ամոյանը, ով ակտիվորեն բարձրացնում է եզդիական համայնքի առջեւ ծառացած խնդիրները: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ներկաները քաղաքապետի խորհրդականին խնդրել են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին փոխանցել իրենց ողջույններն ու երախտագիտությունը`եզդիական համայնքին մշտապես ցուցաբերվող աջակցության եւ կոնկրետ խնդիրների լուծմանը նպաստելու համար: Հանդիպմանը ներկա հինգ ուսանողները ուսման մեջ առաջադիմության եւ համայնքում ակտիվ ազգապահպան գործունեության համար պարգեւատրվել են Երեւանի քաղաքապետարանի պատվոգրերով:


























