Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեզի պաշտպանության ժամանակ տեղի ունեցած միջադեպը չի՞ ազդում Հայաստանի բուհական համակարգի իմիջի վրա, եւ արդյոք նախարարությունը որեւէ պատժամիջոցներ դեպքի առնչությամբ ձեռնարկե՞լ է, թե՞ ոչ: Այսօր՝ փետրվարի 21-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում այս հարցը բարձրացրել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի եւ Հորդանանի միջեւ կրթական ոլորտում համաձայնագրի քննարկման ժամանակ:

Ի պատասխան ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը նշել է, որ դրա մասին հնարավոր լինի խոսել հաջորդ տարի, իսկ երբ Փաշինյանը հարցը կրկնել է, ԿԳ փոխնախարարն արձագանքելն է. «Դուք մի ասեք ես ինչպե՞ս պատասխանեմ»:

Սա բանավեճի առիթ է դարձել: Մասնավորապես, Փաշինյանն ասել է. «Ես ասում եմ, ինչպե՞ս են ազդում Հայաստանի բուհական համակարգի վարկանիշի վրա նման միջադեպերը: Նման քուչայական մթնոլորտի պատճառով էր, որ դրսից ուսանողների թիվը նվազեց: Նորից եմ հարցնում՝ միջոցներ ձեռնարկե՞լ եք, թե՞ ոչ, ինչպե՞ս դա կարող է ազդել բուհի վարկանիշի վրա»:

Մանուկ Մկրտչյանն էլ ասաց, թե նախարարությունը «հատուկ հետազոտություն» չի անցկացրել պարզելու՝ ազդե՞լ է այդ միջադեպը Հայաստանի բուհական համակարգի վարկանիշի վրա, թե՞ ոչ:

Փաշինյանը նաեւ հիշեցրել է եւս մեկ դեպք, երբ ՀԱԿ երիտասարդների հետ, ովքեր Մարտի մեկի հանրահավաքի իրազեկման մասին թռուցիկներ էին բաժանում, կռվի մեջ էին մտել Հանրապետական երիտասարդները, ովքեր եւս գիտական կոչում ունեին: «Գիտական խորհրդի գործունեության հարցը կասկածի տակ է դրվում այս միջադեպով, երբ գիտական խորհրդի կողմից գիտական թեկնածու կարգավիճակին արժանացած մարդը իրեն  թույլ է տալիս մտնել փողոցային արտահայտությունների, վեճերի, լեզվակռվի մեջ, ուրեմն կասկածի տակ է առնվում գիտական թեկնածությունը: Գիտական խորհուրդները վերածվել են փակ խմբակների»,- ասել է նա:

Այս խնդրին անդրադարձել է նաեւ ընդդիմադիր պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, նշելով. «Որեւէ մեկը այստեղ չի քննարկում Տարոն Մարգարյանի ատենախոսության որակը, ինձ ընդհանրապես դա չի հետաքրքրում: Հարցը թեզի որակի մասին չէ, կրկնում եմ, այլ՝ պաշտպանության ձեւի»:

Նրա խոսքով՝ բոլորովին կապ չունի միջադեպը տեղի է ունեցել պաշտպանության սենյակում, թե բուհի միջանցքում: «Սա Ազգային ժողով է, եւ եթե միջանքում կամ սենյակում է լինում այդ կռիվը, ասում են՝ Ազգային ժողովում կռիվ եղավ, եւ որեւէ մեկին չի հետաքրքրում ՝ դա 414 սենյակո՞ւմ էր, թե՞ դուրսը: Մարդը հարց է տալիս, ինձ էլ հետաքրքրում է՝ ո՞նց է փոխնախարարը վերաբերում այն հանգամանքին, որ բուհերից մեկում անտեսվել է թափանցիկության գործոնը, չեն թողել մարդիկ մուտք գործեն: Արտառոց դեպք է սա, մարդու իրավունքներից ենք խոսում, ասում ենք՝ առաջընթաց ենք արձանագրել, ու մարդը իրավունք ունի ազատ դուրս գա, թռուցիկ բաժանի, դուրդ չի գալիս, մի գնա էդ երթին, բայց պետք չէ գնալ մարդկանց ծեծել, հայհոյել: Ու տարակուսելի է, որ այդ ծեծողը ուսխորհրդի անդամ է, որի հետ հանդիպում են տեղակալները, չեն ասում արդյոք՝ պարոն ուսխորհրդի անդամ, ինչի՞ ես հայհոյանք տալիս»,-ասել է Արզումանյանը: