Երեւանի քաղաքապետարանի եւ ՀՀ Առեւտրաարդյունաբերական պալատի միջեւ համագործակցության համաձայնագիր է ստորագրվել: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ Առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանի եւ առեւտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչների հետ:

Կարեւորելով Հայաստանում եւ արտերկրում տնտեսական կապերի ձեւավորման հարցում կառույցի դերը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ ՀՀ Առեւտրաարդյունաբերական պալատն իր հերթին կնպաստի Երեւանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակաների ընդլայնմանը. «Երեւանի քաղաքապետարանն այսօր քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործմանն ուղղված շոշափելի բարեփոխումներ է իրականացնում, որի շրջանակում է դիտարկվում նաեւ Երեւանի քաղաքապետարանի եւ մասնավոր հատվածի միջեւ փոխշահավետ համագործակցության խթանումը: Ի դեպ, այս ուղղությամբ արդեն իսկ առկա են կյանքի կոչված մի շարք հաջողված ծրագրեր։ Ըստ այդմ, վստահ եմ, որ Երեւանի քաղաքապետարանի եւ Առեւտրաարդյունաբերական պալատի միջեւ հաստատված համագործակցությունը եւս կլինի արդյունավետ, հատկապես ներդրումային եւ գործարար ծրագրերի մշակման ու իրականացման շրջանակում, եւ կնպաստի  մայրաքաղաքի համաչափ զարգացմանը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Կարեւորելով գործարար շրջանակների հետ ներդրումային ծրագրերի իրականացումը՝ քաղաքապետը նաեւ նշել է, որ գործարար միջավայրի բարելավման եւ ներդրումների ներգրավման ուղղությամբ այսօր լուրջ քայլեր են ձեռնարկվում մայրաքաղաքում. «Երեւանի քաղաքապետարանը բաց եւ պատրաստակամ է քննարկելու եւ իր լիազորությունների շրջանակում օժանդակելու Երեւանում ներդրումային ծրագրերի իրականացմանը: Ուրախ կլինենք, որ ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի խողովակներով ապահովվի նաեւ մասնավոր ընկերությունների մասնակցությունը մեր կողմից ներկայացվող ներդրումային փաթեթների մրցույթներին»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ Առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանն իր հերթին բարձր է գնահատել կառուցողական գործընկերային այն մթնոլորտը, որն առկա է Երեւանի քաղաքապետարանի եւ ՀՀ Առեւտրաարդյունաբերական պալատի հարաբերություններում. «Երեւանի քաղաքապետարանն իսկապես վստահելի գործընկեր է, ինչում բազմիցս ենք համոզվել, եւ վստահեցնում եմ Ձեզ, պարոն քաղաքապետ, որ մենք կանենք հնարավորը, որպեսզի փոխշահավետ համագործակցություն հաստատվի ինչպես հայաստանյան, այնպես էլ արտերկրի գործարար շրջանակների հետ: Համոզված եմ, որ մեր կողմից ստորագրվելիք համաձայնագիրը եւս կնպաստի, որպեսզի Երեւանի քաղաքապետարանի եւ գործարար շրջանակների միջեւ համագործակցությունը փոխշահավետ զարգացում ունենա»,- նշել է Մարտին Սարգսյանը:

Հանդիպման շրջանակում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ Առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը ստորագրել են համագործակցության համաձայնագիր, համաձայն որի՝ կողմերը պարտավորվել են զարգացնել ու ամրապնդել գործակցությունը փոխշահավետ եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: 

Ստորագրված համաձայնագրով  համագործակցության ծրագրեր կիրականացվեն նաեւ Երեւանում փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ու տեղական արտադրության խթանման ուղղությամբ: