Հայաստանն ու հայկական սփյուռքը պետք է ոչ միայն ակտիվ գործեն, այլեւ՝ մտածված: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի ղեկավար Գագիկ Հարությունյանը՝ խոսելով Հայոց ցեղասպանության մոտեցող 100-ամյակի մասին:
Նա ընդգծել է, որ Հայաստանը Ցեղասպանության 100-ամյակի հարցերով պետական հանձնաժողով է ստեղծել: «Որոշակի քայլեր արվում են, սակայն ես չգիտամ արդյոք բավարար են դրանք, թե ոչ: Կարծում եմ, որ չնայած Թուրքիան փոխել է ռազմավարությունը, մենք հնով ենք առաջնորդվում՝ միայն բարձրաձայնելով ցեղասպանության ճանաչման խնդիրը»,-հավելել է փորձագետը:
Ըստ Հարությունյանի՝ հայկական սփյուռքն ամենուրեք միավորված է ցեղասպանության շուրջ, ինչը շատ լավ է, սակայն այն չի աշխատում ուղեղային կենտրոնների ստեղծման ուղղությամբ, ինչն անհանգստացնող է: «Ի դեմս Թուրքիայի Հայաստանը, նախորդ ժամանակաշրջանի համեմատ, գործ ունի ավելի զարգացած երկրի հետ: Թուրքիան մեծ գումարներ է հատկացնում կրթությանը ու երկրի ներսում ու դրսում ուղեղային կենտրոնների ստեղծմանը, որոնք արդեն կիրառվում են Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի դեմ պայքարելիս»,-կարծում է փորձագետը: Նա նաեւ հավելել է, որ սպասվում է կոնֆերանս, որի ընթացքում քննարկվելու է տարբեր երկրներում թուրք-ադրբեջանական լոբբիի գործունեությունը:


























