Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում հարձակվել են նախագահական պալատի վրա:  Պատասխանատվությունն իր վրա է վերցրել  «Ալ Շաբաբ» իսլամական խմբավորումը:

Ըստ խմբավորման ներկայացուցչի՝ գրոհայինները «հարձակվել են նախագահական պալատի վրա՝ ներսում գտնվողներին սպանելու կամ ձերբակալելու համար»: Ըստ նրա՝ մարտերը շարունակվում են, եւ իսլամիստները մի քանի շենքեր են գրավել՝ մտադրվելով զավթել նախագահի նստավայրի ողջ համալիրը:

Մինչդեռ Սոմալիի նախագահ Հասան Շեյխ Մահմուդը զանգահարել է երկրում ՄԱԿ-ի ներկայացուցչին եւ ասել, որ ինքը ողջ եւ առողջ է, իսկ հարձակումը հաջողվել է հետ մղել:

Ըստ ոստիկանության՝ նախագահի պալատի գրոհը սկսվել էր, երբ  դարպասների մոտ մեքենա էր պայթել, իսկ այնուհետեւ զինված մարդիկ փորձել էին գրավել «Վիլա Սոմալիա» նստավայրը, որը երկրում ամենից ուժեղ պահպանվող  տարածքներից է: 

Ըստ ականատեսների՝ նախագահական պալատում մարտը շարունակվում է: Այնտեղից լսվում են կրակոցի եւ պայթյունի ձայներ: Նախագահի թիկնազորում նշել են, որ կան զոհեր, սակայն մանրամասները դեռ հայտնի չեն, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ը:

«Ալ Շաբաբ» իսլամական խմբավորումը պայքարում է երկրի օրինական կառավարության դեմ, պարբերաբար հարձակվում զորամասերի վրա եւ ահաբեկչություններ կազմակերպում: Օրինակ՝ փետրվարի 13-ին Մոգադիշոյի միջազգային օդանավակայանի մուտքի մոտ մեքենա էր պայթեցվել: Զոհվել էր յոթ մարդ: