Կենսաթոշակային բարեփոխումը Հայաստանում մեծացնում է գործատուների բեռը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 21-ին, հայտարարել է Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը: Նրա խոսքով՝ նոր համակարգի ամբողջական գործելու դեպքում՝, գործատուն պատիժներ է կրելու պարտադիր կենսաթոշակային պահումները չանելու եւ համապատասխան հիմնադրամներին չփոխանցելու համար, ընդհուպ մինչեւ իր ունեցվածքի վրա կալանքի կիրառումը:

Եթե հաշվի առնենք, որ Հայաստանում գործատուների 98 տոկոսը փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներն են, ստացվում է, որ այդ բարեփոխմանը բիզնեսը պատասխանում է սեփական ունեցվածքով: «Այսինքն կենսաթոշակի հարցը լուծում է պետությունը, իսկ դրա կատարման բեռը ընկնում է գործատուի վրա»,-ասել է Մակարյանը:

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը Հայաստանում ուժի մեջ է մտել հունվարի 1-ից: Սակայն հունվարի 24-ին ՍԴ-ն որոշել է ժամանակավորապես դադարեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 76 հոդվածի եւ 86 հոդվածի 3-րդ մասի գործունեությունը (այն վերաբերում է տուգանքների կիրառմանը եւ կուտակային հիմնադրամի պարտադիր ընտրությանը): Վերջնական որոշումը կկայացվի մարտի 28-ին:
Թեեւ այդ որոշմանը, որոշ ընկերությունները իրենց աշխատողների աշխատավարձից 5 տոկոսի չափով պարտադիր պահումներ են անում:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am